Նոր քայլ դեպի սոցիալական ինտեգրում Երևանում.
Հոկտեմբերի 22-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի, «Ճախրուկ» ՀԿ-ի , «Երեմյան Փրոջեքթս» ընկերության և «Դայմոնդ» ռեստորանի միջև ստորագրվեց կարևոր հուշագիր՝ « Ճախրուկ» սոցիալական սրճարանի ստեղծման վերաբերյալ:
Ծրագրի նպատակն է հատուկ կարիքներով մարդկանց ինտեգրումը հասարակությանը: «Ճախրուկ» սոցիալական սրճարանը կդառնա ոչ միայն հանգստի հարմարավետ վայր, այլև կարևոր կենտրոն, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են զարգացնել իրենց մտավոր և ֆիզիկական ունակություններն ու որակները, ինչպես նաև աշխատել՝ ցուցադրելով իրենց տաղանդն ու ներուժը։
Այս նախագիծը հրաշալի քայլ է՝ ստեղծելու ներառական և աջակցող հասարակություն, որտեղ յուրաքանչյուր մարդու հնարավորություն է տրվում գիտակցել իր կարողությունները և գտնել իր տեղը։
Հատուկ կարիքներ ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրելը թե՛ պետության, թե՛ «Իմ Քայլը» հիմնադրամի և թե՛ հուշագիրը ստորագրած մյուս կողմերի համար առաջնահերթություն է, ուստի ստեղծվող «Ճախրուկ» սոցիալական սրճատունը դառնալու է մի վայր, որտեղ աշխատելու են մտավոր և ֆիզիկական առանձնահատկություն ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամները՝ բացման խոսքում նշել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։
«Սրճատանը աշխատանքի անցնող անձինք կանցնեն վերապատրաստման դասընթացներ, ինչից հետո կսկսեն աշխատել։ Սոցիալական սրճատուն հիմնելու նպատակն է կրթել մեր հասարակությանը, փոխել նրանց մտածելակերպը և ավելացնել գիտակցության զգացումը։ Մյուս նպատակը հատուկ կարիքներ ունեցող անձանց համար մնայուն աշխատանք ու կայուն եկամուտ ապահովելն է, որ դառնան ինքնուրույն և ապահովեն իրենց առօրյա կարիքները։ «Ճախրուկ» սրճատունը պետք է դառնա կամուրջ՝ հասարակության և հաշմանդամություն ունեցող անձանց միջև, որը կապահովի նրանց ներգրավվածությունն ու ինտեգրումը հասարակությունում»,- ընդգծել է Թալին Թօփալաքեանը։
Կողմերը նպատակադրված են «Ճախրուկ» սրճատունը հանձնել շահառուներին և հասարակությանը 2025 թվականի ամռանը։
Leave a Reply