New
Ինչպես աշխարհի ամենամեծ սերմերի  բունկերը կփրկի մոլորակի կենսաբազմազանությունը․

Ինչպես աշխարհի ամենամեծ սերմերի բունկերը կփրկի մոլորակի կենսաբազմազանությունը․

Բոլորս էլ գիտենք որ, մեր մոլորակին երբևէ կարող է սպառնալ զանգվածային աղետ՝ միջուկային պատերազմ, աստերոիդի անկում, մահաբեր երկրաշարժ և այլն։ Այդպիսի աղետից ոչ միայն մարդիկ և կենդանիները կարող են տուժել, այլև բազմաթիվ բույսերի տեսակներ։ Վերջին հանգամանքը կարող է հանգեցնել նրան, որ ողջ մնացած մարդիկ սննդի պակաս կունենան։

Այսպիսի իրավիճակում ինչպե՞ս կարող են մարդիկ վերականգնել մոլորակը

Գիտնականներն արդեն երկար տարիներ զբաղվում են այս հարցով, և այսօր ամբողջ աշխարհում կան բույսերի սերմերի բազմաթիվ պահեստներ։ Մեծ աղետի դեպքում պահպանված սերմերը հնարավոր կլինի հանել պահոցներից, ցանել և դրանց միջոցով վերականգնել բուսական աշխարհը կամ դրա կենսաբազմազանությունը։

Ամենամեծ սերմերի պահեստը, գտնվում է Նորվեգիայի Շպիցբերգեն կղզում

Աշխարհի ամենամեծ և հայտնի սերմերի պահեստը գտնվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի տարածքում՝ Նորվեգիայի ամենահյուսիսային մասում։ Սերմերմերի այս բանկի շինարարությունը սկսվել է 2006 թվականին և ավարտվել 2008-ին։ Նախագիծը ֆինանսավորել է Նորվեգիայի կառավարությունը , որի արժեքը կազմել է 9 միլիոն դոլար։ Շպիցբերգեն կղզին ընտրվել է իր հեռավորության և սառը կլիմայի շնորհիվ, ինչը կարևոր է սերմերի պահպանության համար։

Կառույցն ունի հզոր դարպասներ, որոնք կարող են դիմանալ նույնիսկ ամենաուժեղ պայթյուններին։ Սերմերի պահեստը գտնվում է 120 մետր խորության վրա, ունի երեք մեծ սրահ, որոնք կարող են պահել մինչև 2.25 միլիարդ սերմ։ Ներկայումս հավաքածուն ընդգրկում է 900 հազար նմուշ, այնպես որ դրանց պահպանման համար բավական է մեկ սրահը։ Սերմերը տեղադրված են փակ ծրարների մեջ, որոնք լրացուցիչ փաթեթավորված են բազմաշերտ պլաստիկ տոպրակներով և կոնտեյներներով։

Նմուշները պահվում են -18 աստիճան ջերմաստիճանում և ցածր թթվածնային պայմաններում։ Այս գործոնների համադրությունը նվազեցնում է նյութափոխանակության մակարդակը և երկարացնում սերմերի պահպանման ժամկետը։ Սառը պայմանների պահպանման համար օգտագործվում են սառնարաններ, որոնք աշխատում են ածխի միջոցով։ Համարվում է, որ եթե սառնարանները փչանան, սենյակներում մինչև +3 աստիճան տաքացման համար կպահանջվի մի քանի շաբաթ։

2023 թվականին լրացել է Շպիցբերգենի սերմերի պահեստի հիմնադրման 15 տարին։ Այս իրադարձության առթիվ Virtual Tour Company-ը ներկայացրել է վիրտուալ շրջայց, որը հնարավորություն է տալիս տնից դուրս չգալով ուսումնասիրել «Դատաստանի օրվա» պահեստը։ Շրջայցը սկսելու համար կարող եք այցելել Global Seed Vault կայքը և սեղմել «Start Tour» կոճակը։ Ամփոփելով նշենք, որ ապագայում նմանատիպ պահեստ նախատեսվում է կառուցել Լուսնի վրա։ Գիտնականները ցանկանում են այնտեղ պահել կենդանիների գեները, որպեսզի ապագայում, աղետի դեպքում, հնարավոր լինի վերականգնել բոլոր տեսակները։ Դա չափազանց բարդ նախագիծ է, որը կպահանջի մեծ քանակությամբ տիեզերական սարքերի գործարկում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *