Երևանը պատմական օր է նշում․ վերականգնված Կարմիր կամուրջը՝ քաղաքի ամենահին կամուրջը, կրկին բացվում է։ Այս խորհրդանշական իրադարձությունն անցկացվելու է նոյեմբերի 17-ին՝ «Եվրոպական ժառանգության օրեր 2025»-ի ամփոփման շրջանակում՝ հիշեցնելով քաղաքի հարուստ անցյալը և դրա պահպանության կարևորությունը։

Կարմիր կամուրջը Երևանում Հրազդան գետի վրա գտնվող հնագույն միաթռիչք կամուրջ է, որի պատմությունը հասնում է մինչև 12-րդ դար։ Այն կառուցված է կարմիր տուֆից, ինչի շնորհիվ էլ ստացել է «Կարմիր» անվանումը։ Կառուցվածքն ի սկզբանե ուներ մեծ երեք կամար, որոնք միավորում էին քաղաքի բերդը Արարատյան դաշտին։
Այն նաև հայտնի է որպես Խոջա-Փիլավի կամուրջ, քանաքեռցի մեծահարուստ բարերարի պատվին, ով ֆինանսավորել է կամրջի վերանորոգումը։

Կամուրջը ռազմավարական նշանակություն է ունեցել՝
Ապահովելով Երևան-Էջմիածին մայրուղու անցումը
Կապելով Դալմայի և Սարդարի այգիները
Վերջինիս հարևանությամբ գործել է նաև «մալի բազարը»

Վերակառուցվել է 1679թ. երկրաշարժից հետո, իսկ 1830թ. իրականացվել է հերթական ամրակայումը։ Ժամանակի ընթացքում կամրջի տարբեր հատվածներ վերանորոգվել են, ինչի հետքերը տեսանելի են որմնափորերի վրա։ 1980-ականներից Կարմիր կամուրջը այլևս չէր շահագործվում։
Այսօր այն նորից պատրաստ է ծառայելու բնակիչներին և զբոսաշրջիկներին՝ որպես վերականգնված պատմական հուշարձան և նոր զբոսաշրջային կետ։
Վերականգնման ծրագիրն իրականացվել է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում, որին աջակցել է բարերար Էդուարդ Մանուկյանը։
Վերականգնման արժեքը՝ ավելի քան 300 միլիոն դրամ

Բացման գլխավոր առանձնահատկությունն է դառնալու տասնյակ լավագույն երաժիշտների ջեմ-սեշընը՝ կազմակերպված հենց կամրջի վրա՝ հատուկ այս իրադարձությանը ներկայացված կատարումներով.
• Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն)
• Դանիել Մելքոնյան (շեփոր)
• Ժաննա Դավթյան (վոկալ)
• Արթուր Իսրայելյան (տրոմբոն)
• Արտյոմ Մանուկյան (թավջութակ)
• Գրիգոր Քարտաշյան (բլուլ, պկու)
• Գրիգոր Դավթյան (հարվածային)
• Արման Փեշտմալջյան (ստեղնաշար)
• Արեգ Օրդյան (կիթառ)
• Էդգար Ավետիսյան (բաս)
• Հակոբ Օրդակյան (թմբուկներ)
• DJ Beatman (SFX)
Մուտքն ազատ էր բոլորի համար Վայրը՝ Կարմիր Կամուրջ, Ոսկերիչների 8

Կարմիր կամուրջը ոչ միայն ինժեներական կառույց է․այն հիշողություն է, պատմություն և կենդանի կամուրջ՝ անցյալի ու ապագայի միջև։


