New
Best Western Hotels միջազգային հայտնի հյուրանոցային ցանցը պաշտոնապես մուտք է գործում Ծաղկաձոր

Best Western Hotels միջազգային հայտնի հյուրանոցային ցանցը պաշտոնապես մուտք է գործում Ծաղկաձոր

Դեկտեմբերի 10-ին Հայաստանում արձանագրվեց ևս մեկ կարևոր քայլ հյուրանոցային և զբոսաշրջային ոլորտի զարգացման ճանապարհին։ Միջազգային ճանաչում ունեցող Best Western Hotels հյուրանոցային ցանցը պաշտոնապես հաստատեց իր ներկայությունը Ծաղկաձորում։

Ծաղկաձորի սրտում կառուցվող Pallada պրեմիում բազմաֆունկցիոնալ համալիրի կառավարման և միջազգային ներկայացման շրջանակում ստորագրվեց համագործակցության պայմանագիր Best Western Hotels ցանցի տարածաշրջանային ներկայացուցիչ Ստեֆան Դուբբելինգի և New City Projects ընկերության գործադիր տնօրեն Վահե Դավթյանի միջև։

Այս համագործակցությունը նշանավորում է միջազգային բարձր սպասարկման ստանդարտների ներդրման նոր փուլ Հայաստանի լեռնային հանգստավայրում։ Pallada նախագիծը իր տեսակով եզակի է․ այն կառուցվում է Ծաղկաձորի կենտրոնական հրապարակի հարևանությամբ և համադրում է հարմարավետ բնակեցում, առողջարար միջավայր, հանգիստ և ակտիվ ժամանցի հնարավորություններ՝ ձևավորելով լեռնային հանգստի նոր մշակույթ։

New City Projects ընկերության գործադիր տնօրեն Վահե Դավթյանի խոսքով՝ Best Western Hotels-ի ընտրությունը պայմանավորված է մի քանի կարևոր գործոններով.

«Best Western-ը հայկական շուկայի համար ճանաչելի և վստահելի բրենդ է, որը դեռ 1990-ականներից ունի ներկայություն Հայաստանում։ Այն ունի բավարար փորձ, գիտելիք և միջազգային գործիքակազմ՝ նման մասշտաբային նախագիծը արդյունավետ զարգացնելու համար»։

Նախատեսվում է, որ համալիրում կգործի հյուրանոց, որի գլխավոր կառավարումը կիրականացվի Best Western Hotels-ի հետ համատեղ։

Համալիրը թվերով
 • 137 բնակարան կգործեն որպես Best Western Premier
 • 43 բնակարան՝ Best Western Apartments
 • 600-ից ավելի բնակարաններ կգործեն որպես Best Western Residences՝ բնակելի հատվածի կառավարման և սպասարկման ամբողջական գործառույթներով, որոնք կիրականացնի փորձառու կառավարչական ընկերությունը

Ստեֆան Դուբբելինգը նշել է.
«Best Western Hotels-ը համաշխարհային հյուրանոցային հսկա է, որն ունի շուրջ 4,500 հյուրանոց և ավելի քան 235 վաճառքի մասնագետ ամբողջ աշխարհում։ Pallada համալիրի ներառումը այս լայն ցանցում կներկայացվի Best Western-ի համաշխարհային վաճառքի թիմին՝ ապահովելով նախագծի միջազգային տեսանելիությունն ու մրցունակությունը։ Մեզ համար հաճելի է տեսնել, որ Հայաստանը հանդես է գալիս այսքան ինքնավստահ, ցույց է տալիս իր հնարավորությունները և պատրաստ է շարունակաբար զարգանալ միջազգային մակարդակում»։

Վերջին տարիներին Հայաստանում օր օրի ավելանում են համաշխարհային ճանաչում ունեցող հյուրանոցային բրենդները։ Best Western Hotels-ի մուտքը Ծաղկաձոր ևս մեկ անգամ հաստատում է, որ երկիրը գրավիչ է միջազգային ներդրումների համար և ունի հստակ տեսլական զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում։

Comments are closed.