Սեպտեմբերի 26–28-ը Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը կկայանա Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը, որն այս տարի անցկացվում է «Դիլիջանյան օրեր» խորագրի ներքո։ Փառատոնը, որն արդեն դարձած է ազգային մշակութային կյանքի կարևոր ավանդույթ, իր շուրջը համախմբում է առաջատար նվագախմբերին, մենակատարներին և նոր սերնդի կոմպոզիտորներին։ Այս նշանակալի նախաձեռնության կողքին է նաև Green Rock հիմնադրամը, որն իր աջակցությամբ նպաստում է ոչ միայն փառատոնի կայացմանը, այլև հայ ժամանակակից երաժշտության զարգացմանը և միջազգային ճանաչմանը։
Հիմնադրամը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մշակութային ու կրթական նախագծերը՝ աջակցելով նոր տաղանդներին և ստեղծագործող սերնդին։ Երաժշտական հարուստ ծրագիր Փառատոնի ընթացքում հանդես կգան Գյումրու պետական սիմֆոնիկ և Վանաձորի կամերային նվագախմբերը՝ մաեստրո Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ։ Նրանց կվերամիանան նաև Դիլիջանի արվեստի պետական քոլեջի երգչախումբը։

Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 27-ին նախատեսված է վարպետության դաս-դասախոսություն Դիլիջանի երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտների համար։ Հայաստանի կոմպոզիտորների միության առաջատար անդամները իրենց փորձը կկիսեն երիտասարդ երաժիշտների հետ՝ նպաստելով նոր սերնդի մասնագիտական աճին։ Այս նախաձեռնությունը ներդաշնակ է նաև Green Rock հիմնադրամի առաքելությանը, որը կարևորում է երիտասարդների կրթությունը և նրանց զարգացման հնարավորությունների ընդլայնումը։
Հայ ժամանակակից երաժշտության փառատոնը հիմնադրվել է 2014 թվականին և այս տարիների ընթացքում դարձել է ժամանակակից երաժշտության կարևոր հարթակ Հայաստանում։ Այն միավորում է հանրապետության լավագույն երաժշտական կոլեկտիվներին և մենակատարներին, միաժամանակ բացելով դռներ երիտասարդ ստեղծագործողների համար։ Green Rock հիմնադրամի աջակցությամբ այս տարի փառատոնը ևս մեկ անգամ դառնում է ոչ միայն մշակութային իրադարձություն, այլև տոն, որտեղ հանդիպում են սերունդները, ժառանգությունը և նորարարությունը։
Մուտքն ազատ է։


