Հայաստանի HoReCa և բիզնես միջոցառումների աշխարհում կան մասնագետներ, որոնք պարզապես պաշտոն զբաղեցնելուց բացի, իրենց ամենօրյա աշխատանքով ձևավորում են հաղորդակցության մշակույթ, գործընկերության որակ և բիզնես մտածողության մակարդակ։
Անյա Վարդանյանը հենց այդ մասնագետներից է։
Նրա մասնագիտական ներկայությունը վաղուց արդեն սահմանափակված չէ միայն զբաղեցրած պաշտոնով․ այն արտահայտվում է նաև ոլորտը ներսից զգալու, գործընթացները ռազմավարական տեսնելու և բիզնես հարաբերություններին ավելի խորքային մոտենալու կարողության մեջ։ Որպես Proreca ընկերության կոմերցիոն ղեկավար՝ նա այսօր կանգնած է այն կետում, որտեղ միավորվում են շուկայի զգացողությունը, կառավարման փորձը և ոլորտի զարգացման նկատմամբ պատասխանատու հայացքը։
ArmHoreca-ի այս զրույցում Անյա Վարդանյանի հետ անդրադարձել ենք Հայաստանի HoReCa և F&B ոլորտի ներկայիս պատկերին, բիզնես միջավայրի առանձնահատկություններին և Profood Armenia 2026-ի նշանակությանը։
Դուք այսօր ներկայացնում եք ոլորտ, որտեղ կարևոր են և՛ ռազմավարությունը, և՛ հարաբերությունները։ Ի՞նչն է, ըստ Ձեզ, ուժեղ մասնագետին տարբերում պարզապես լավ աշխատողից։
Շատ կարևոր հարց եք տալիս։ Իմ ընկալմամբ՝ աշխատողի և մասնագետի միջև տարբերությունը միայն աշխատանքի որակի մեջ չէ, այլ առաջին հերթին՝ պատասխանատվության նկատմամբ վերաբերմունքի։ Աշխատողը, որպես կանոն, կենտրոնացած է իր առջև դրված հանձնարարությունը ճիշտ կատարելու վրա, մինչդեռ մասնագետը պատրաստ է իր վրա վերցնել որոշման պատասխանատվությունը, գնալ ռիսկի և կանգնել այդ որոշման հետևում։
Ես ինքս երբեք չեմ վախեցել որոշում կայացնելու պատասխանատվությունից։ Ինձ համար մասնագետ լինելը նշանակում է ոչ միայն լավ կատարել աշխատանքը, այլ նաև ունենալ ներքին պատրաստակամություն՝ բարդ պահին ընտրություն անելու, պատասխան տալու և արդյունքի համար պատասխանատու լինելու։ Այդտեղ է, կարծում եմ, սկսվում իրական պրոֆեսիոնալիզմը։ — ասում է Անյա Վարդանյանը։

Ձեր մասնագիտական ճանապարհին ի՞նչն է ամենաշատը ձևավորել Ձեզ որպես կոմերցիոն մտածողությամբ ղեկավար՝ շուկայի զգացողությո՞ւնը, մարդկանց հետ աշխատանքի փորձը, թե՞ մեծ նախագծերի պատասխանատվությունը։
Այս երեք հատկանիշները երբեք առանձին չեն աշխատում․ դրանք ձևավորում են մասնագետին հենց իրենց համադրությամբ։ Ինձ որպես կոմերցիոն մտածողությամբ ղեկավար ձևավորել են և՛ շուկայի զգացողությունը, և՛ մարդկանց հետ աշխատանքի փորձը, և՛ մեծ նախագծերի պատասխանատվությունը։ Բայց եթե առանձնացնեմ ամենակարևորը, ապա դա թիմային աշխատանքն է։ Շատ կարևոր է ոչ միայն զգալ շուկան, այլ նաև հասկանալ մարդկանց, գործընկերոջ սպասումները և կարողանալ ճիշտ հարաբերություններ կառուցել։
Ձեր դիտարկմամբ՝ այսօր Հայաստանի HoReCa և F&B բիզնես միջավայրում ո՞րն է ամենամեծ առաջընթացը, և ո՞ր բացն է դեռ ամենաշատը խանգարում ոլորտի ավելի արագ զարգացմանը։
Կարծում եմ՝ այսօր արդեն բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանում HoReCa ոլորտում կա շատ ակտիվ աճ, նույնիսկ կարելի է ասել՝ իսկական բում։ Շատ արագ և հաճախ բացվում են նոր ռեստորաններ, սրճարաններ ու սննդի կետեր, ինչը, անշուշտ, խոսում է ոլորտի կենդանության և հետաքրքրության աճի մասին։
Սակայն մյուս կողմից հաճախ տեսնում ենք, որ այդ նույն արագությամբ էլ որոշ բիզնեսներ փակվում են։ Պատճառներից մեկն այն է, որ շատ դեպքերում հենց սկզբում չի լինում բավարար հստակություն կոնցեպտի շուրջ։ Երբ բիզնեսը դեռ սկզբնական փուլում ճիշտ չի ձևակերպում իր գաղափարը, իր տեղը շուկայում և իր առաջարկի տարբերակիչ ուժը, հետագայում դա արդեն դառնում է լուրջ խոչընդոտ կայուն զարգացման համար։
Որքանո՞վ են հայկական ընկերություններն այսօր պատրաստ ներկայանալ ոչ միայն տեղական, այլ նաև ավելի լայն՝ միջազգային բիզնես մտածողությամբ ու լեզվով։
Կարծում եմ՝ հայկական ընկերությունների մի մասն արդեն պատրաստ է ներկայանալ ոչ միայն տեղական, այլ նաև ավելի լայն՝ միջազգային մտածողությամբ, բայց դեռ շատերի դեպքում այդ անցումը լիովին կայացած չէ։ Մենք հաճախ ունենք լավ պրոդուկտ, հետաքրքիր գաղափար և աշխատելու մեծ ներուժ, բայց միջազգային բիզնես լեզուն միայն արտադրանքով չի սահմանափակվում։ Այն ներառում է նաև ներկայացման մշակույթ, հստակ դիրքավորում, ճիշտ հաղորդակցություն, գործընկերային վերաբերմունք և շուկայի պահանջները հասկանալու կարողություն։
Այսօր արդեն կան ընկերություններ, որոնք բավականին լավ են զգում այդ տարբերությունը և փորձում են զարգանալ հենց այդ ուղղությամբ։ Բայց ընդհանուր առմամբ դեռ կա աշխատելու տեղ, որպեսզի բիզնեսը ոչ միայն լավ արտադրի կամ ծառայություն առաջարկի, այլ նաև կարողանա իրեն ճիշտ ներկայացնել ավելի լայն շուկային՝ հասկանալի, մրցունակ և վստահ ներշնչող լեզվով։ — ասում է Անյա Վարդանյանը։

Այսօր ինչո՞ւ է Հայաստանի շուկային պետք Profood Armenia 2026-ի նման հարթակ։ ինչ իրական խնդիր եք դրել ձեր արջև որը պետք է լուծի Profood Armenia 2026-ը ոլորտի համար։
Profood Armenia-ի գաղափարը ծնվել է շատ գործնական պահանջից։ Մենք հաճախ տեսնում էինք, որ արտադրողները մեզ դիմում էին՝ ռեստորանների և վերջնական սպառողների հետ ավելի ուղիղ կապ հաստատելու համար։ Այդտեղից էլ ձևավորվեց այս հարթակի հիմնական նպատակը՝ միավորել արտադրողին, բիզնեսին և սպառողին մեկ միջավայրում ու ստեղծել իրական շփման և համագործակցության հնարավորություն։
Profood Armenia 2026-ը, մեր պատկերացմամբ, հարթակ է, որտեղ արտադրողները կարող են ոչ միայն ներկայացնել իրենց արտադրանքը, այլ նաև տալ հնարավորություն, որպեսզի այն ճանաչեն, համեմատեն, գնահատեն գնի և որակի տեսանկյունից։ Սա շատ կարևոր է թե՛ շուկայի ավելի առողջ մրցակցության, թե՛ արտադրողի տեսանելիության համար։
Միևնույն ժամանակ, այս հարթակը կարևոր հնարավորություն է նաև ընկերությունների համար՝ նոր գործարար կապեր ձևավորելու, գործընկերային ցանցը ընդլայնելու և արտաքին շուկաներ դուրս գալու ուղղությամբ առաջին կամ հաջորդ կարևոր քայլերն անելու համար։ Մենք փորձում ենք ստեղծել այն միջավայրը, որտեղ հանդիպումը, ճանաչելիությունը և համագործակցության հնարավորությունը դառնում են իրական արդյունքի հիմք։— ասում է Անյա Վարդանյանը։
Այս ամենի մեջ առավել կարևոր է, թերևս, այն, որ նման նախաձեռնությունները ոլորտին տալիս են ոչ միայն ներկայանալու, այլ նաև վերաիմաստավորվելու հնարավորություն։ Իսկ երբ շուկայի մասին խոսում են մարդիկ, որոնք այն ճանաչում են ներսից, զրույցը դադարում է լինել կարծիքների փոխանակում և դառնում է ոլորտի իրական պատկերի արտացոլում։ Անյա Վարդանյանի դիտարկումներում հենց այդ շեշտադրումն է առավել զգալի՝ պատասխանատվության, ճիշտ դիրքավորման, համագործակցության և ավելի հասուն բիզնես մտածողության կարևորությունը։

