Այն, ինչ Հայաստանում վաղուց ընկալվում է որպես որակի, հետևողական աշխատանքի և համակարգված զարգացման օրինակ, այսօր արժանացել է նաև միջազգային ուշադրության։ Forbes-ը անդրադարձել է Yeremyan Group-ին՝ դիտարկելով այն ոչ միայն որպես հյուրընկալության ոլորտի առաջատար, այլ որպես մտածողություն ձևավորող համակարգ։

Սակայն այս պատմության արժեքը ոչ այնքան ճանաչման փաստն է, որքան այն գաղափարները, որոնք տարիներ շարունակ ձևավորել են ընկերության ուղին։
«Մեր նպատակը երբեք պարզապես սնունդ մատուցելը չի եղել», — ասել է Yeremyan Group-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։
«Մենք փորձել ենք փոխել վերաբերմունքը՝ սեղանի, մարդկանց և միջավայրի նկատմամբ»։
2000-ականների սկզբին սկսված ճանապարհը ձևավորվեց մի պարզ համոզմունքով․ ռեստորանը կարող է և պետք է լինի սոցիալական տարածք։ Տարածք, որտեղ ընտանիքները հավաքվում են, որտեղ հյուրերը իրենց ապահով ու ընդունված են զգում, որտեղ սնունդը դառնում է հաղորդակցություն և մշակույթ։ 2006 թվականին երբ Երևանում բացվեց առաջին Tavern Yerevan ռեստորանը, Հայաստանում գրեթե չկար ձևավորված ռեստորանային մշակույթ, իսկ ընտանեկան ընթրիքի գաղափարը դեռ նոր էր ձևավորվում։ Պահանջարկը արագ աճեց, և Yeremyan Group-ը սկսեց ընդլայնվել։ Այդ ժամանակ ձևավորված արժեքները՝ որակ, հետևողականություն և հանրային բարիք, մինչ օրս մնում են ընկերության հիմնական ուղենիշը։ Ռեստորանները դարձան վայրեր, որտեղ մարդիկ իրենց ավելի առողջ, երջանիկ և կապված էին զգում։

Forbes-ի հարցին թէ ի՞նչ գաղափար է ընկած ձեր «սերմից սեղան» գյուղատնտեսական մոդելի հիմքում։ Դավիթ Երեմյանը պատասխանել է՝
«Եթե ուզում ես իսկական որակ, պետք է պատասխանատու լինես ամբողջ ճանապարհի համար՝ սկզբից մինչև վերջ»։
2019 թվականին ստեղծված սեփական ֆերմաները դարձան այդ պատասխանատվության գործնական արտահայտումը։ Եվրոպայից ներմուծված մաքուր ցեղատեսակներ, վերահսկվող կերակրում, խիստ առողջապահական համակարգեր և փակ արտադրական ցիկլ՝ կթումից մինչև շշալցում։ Արդյունքում ստեղծվում է մաքուր, սննդարար կաթ և մթերք՝ առանց հավելումների։
«Մենք չենք կարող մեր հյուրերին առաջարկել մի բան, որը չենք օգտագործի մեր սեփական ընտանիքներում», — ընդգծել է Երեմյանը։

Yeremyan Group-ի գործունեությունը չի սահմանափակվում ռեստորաններով կամ արտադրությամբ։ Հայկական խոհանոցը այստեղ ներկայացվում է որպես ինքնության լեզու՝ երաժշտությամբ, պատմությամբ և միջավայրով։
«Հայկական խոհանոցը պարզապես ուտելիք չէ։ Դա ինքնություն է, հիշողություն և ավանդույթ», — ասել է Դավիթ Երեմյանը։

Այս ընկալմամբ են ձևավորվել Yeremyan Group-ի նախագծերը, որտեղ ուտեստին ուղեկցում են ազգային երաժշտությունը, պատմասացությունը և մշակութային միջավայրը։ Հենց այս մոտեցումն է հիմք դրել նաև գաստրոտուրիզմի զարգացմանը՝ Հայաստան եկող հյուրերին ներգրավելով ոչ միայն համերի, այլ նաև մշակութային փորձառության մեջ։


Այս մտածողության շարունակությունն է նաև կրթական ուղղությունը։ Ծառայության որակը երկար ժամանակ եղել է համակարգային մարտահրավեր։ Yeremyan Academy of Culinary Arts and Hospitality-ը ստեղծվել է այն համոզմունքով, որ ոլորտի զարգացումը հնարավոր չէ առանց կրթության։
«Եթե ուզում ես երկարաժամկետ արդյունք, պետք է ներդրում անես մարդկանց մեջ», — ընդգծել է Երեմյանը։
Ակադեմիան այսօր գործում է միջազգային չափանիշներով՝ համագործակցելով City of Oxford College-ի հետ և դառնալով փորձի փոխանակման հարթակ՝ մասնագետների, ուսանողների և դիվանագիտական շրջանակների համար։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև երեխաների համար նախատեսված ծրագրերին՝ սննդագիտության, ժամանակակից գյուղատնտեսության և տեխնոլոգիական մտածողության ձևավորման ուղղությամբ։ Այստեղ կրթությունը դիտարկվում է որպես ներդրում ոչ միայն բիզնեսի, այլ նաև երկրի ապագայի համար։

Forbes-ի անդրադարձը փաստում է մի կարևոր իրողություն․ արժեքահեն, պատասխանատու և հետևողական մոտեցումը կարող է լինել մրցունակ ցանկացած հարթակում։ Yeremyan Group-ի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող է տեղական փորձը ձևավորվել որպես միջազգային ընթերցման արժանի մոդել։
Եվ գուցե ամեն ճշգրիտ ամփոփումը հենց Դավիթ Երեմյանի խոսքերն են․
«Հյուրընկալությունը սկսվում է ոչ թե սեղանից, այլ մտածողությունից»։

