New
Հայկական գինին Forbes-ում. Karas և Tufenkian Heritage 

Հայկական գինին Forbes-ում. Karas և Tufenkian Heritage 

Forbes -ը վերջերս հրապարակել է հետաքրքիր հոդված, որը նվիրված է ժառանգության հետ կապված գինիներին և այն գաղափարին, թե ինչպես կարող է գինին որպես նվերը դառնալ ոչ միայն հաճելի ժեստ, այլ մարդու պատմության, արմատների և ինքնության խորհրդանիշ։ Հեղինակ Լեյն Ռենդոլֆը ներկայացրել է գինիներ տարբեր երկրներից՝ ընդգրկելով ամենատարբեր մշակույթների հետքեր, տերուարներ և գինեգործական ավանդույթներ։

Այս համաշխարհային ընտրության մեջ Հայաստանը ներկայացված է երկու նշանակալի անունով։ Forbes-ը ընդգծում է, որ հայկական գինեգործությունն այսօր աչքի է ընկնում ոչ միայն ավանդույթներով, այլև նորարարական մոտեցմամբ և տերուարի՝ տեղանքի ոգու յուրահատուկ արտահայտմամբ։

Առաջին գինին, որը հեղինակն առանձնացնում է, Karas-ի 2021 թվականի Single Vineyard Areni-ն է։ Forbes-ը այս գինին դիտարկում է որպես այն օրինակներից մեկը, որտեղ պատմությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները միահյուսվում են՝ ստեղծելով համաշխարհային մակարդակի արտադրանք։ Հեղինակը նշում է, որ Karas-ը, առաջնորդվելով Էռնեկյան ընտանիքի մշակութային մոտեցմամբ իսկ գինեգործական պրոցեսում օգտվելով Միշել Ռոլանի փորձից, օգնում է ձևավորել նոր պատկերացում հայաստանյան գինու մասին։ Areni խաղողի սորտը այս շշով ներկայացվում է հանգիստ, հավասարակշռված, բայց ինքնատիպ ոճով՝ ցույց տալով, թե ինչպես կարող է Հայաստանի բարձրավանդակը ձևավորել գինու ինքնատիպ խառնվածքը։

Հոդվածում Հայաստանը ներկայացնող երկրորդ գինին Tufenkian HeritageResilience Chiva 2023-ն է։ Սա հայկական տերուարի առավել «մաքրամաքուր» և բնիկ մեկնաբանություններից է։ Գինին պատրաստվում է Վայոց Ձորի Չիվա համայնքի օրգանական խաղողից՝ օգտագործելով տեղական սորտեր՝ Ոսկեհատ, Խաթուն խարջի և Սպիտակ Արենի։ Forbes-ը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ օգտագործվում են անտիպ և անպատվաստ հին որթատունկեր, խմորումն անցնում է բնական ձևով, իսկ պատրաստի գինին չի զտվում և չի զտարկվում։ Սա հայկական գինեգործական ժառանգությունը ներկայացնող մի շիշ է, որն ամբողջությամբ պահպանում է բնօրինակ հողի բնավորությունը՝ առանց միջամտվածության։

Forbes-ի այս հոդվածը կարևոր նշաններից է հայկական գինեգործության ճանապարհին։ Մեր երկրի գինիները միջազգային մամուլում հաճախ չեն հայտնվում պարզապես որպես լուր կամ նորություն։ Երբ դրանք ընդգրկվում են համաշխարհային ժառանգության և ինքնության թեմայի շուրջ կազմված հոդվածում, դա արդեն խոսում է այն մասին, որ հայկական գինին դիտարկվում է ոչ թե որպես հետաքրքիր էկզոտիկ ուղղություն, այլ որպես լիարժեք և արժեք ստեղծող խաղացող միջազգային գինեգործական միջավայրում։

Comments are closed.