Բրենդ, որը ծնվեց Ֆլորենցիայի սրտում և դարձավ գաստրոնոմիայի ու հյուրընկալության միջազգային կենտրոն APICIUS International School of Hospitality-ը հիմնադրվեց 1997 թվականին Ֆլորենցիայում՝ նպատակ ունենալով ձևավորել մի կրթական հաստատություն, որտեղ ուսանողները կստանան ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլ նաև մշակութային ու գեղագիտական ընկալում հյուրասիրության, սննդի և սպասարկման արվեստի մասին։ Դպրոցի անվանումը ևս խորհրդանշական է․(որի մասին կպատմենք հաջորդ հոդվածներում)։
Ուտեստը դիտարկվում է ոչ միայն որպես սնունդ, այլ որպես մշակութային ու արվեստի դրսևորում։ Այդ փիլիսոփայությունն է դպրոցի հիմքը։

Ֆլորենցիան, իր ճարտարապետությամբ ու արվեստի հարուստ ժառանգությամբ, դարձավ ոչ միայն դպրոցի տեղադրությունը, այլև կենդանի լաբորատորիա։ APICIUS-ում ուսուցումը չի սահմանափակվում լսարանային դասերով․ ուսանողները մշտապես ներգրավված են քաղաքի իրական կյանքում։ Նրանք սովորում են ռեստորաններում, քաղցրավենիքի լաբորատորիաներում, հյուրանոցներում և սպա կենտրոններում՝ ձեռք բերելով այնպիսի փորձառություն, որը վերածում է կրթությունը մշակութային ու հանրային կյանքի անբաժան մասի։ Այս մոդելը թույլ է տալիս դպրոցին վերածվել ոչ միայն կրթական հաստատության, այլ նաև բրենդի, որը համադրում է գիտելիքն ու պրակտիկան, ավանդույթն ու նորարարությունը։

Հիմնադիրները համոզված էին, որ հյուրընկալությունը պետք է կրի մշակութային բովանդակություն, իսկ զբոսաշրջությունն ու գաստրոնոմիան պետք է դառնան փոխադարձ հարստացման հարթակ։ Այդ պատճառով էլ APICIUS-ի առաքելությունը միշտ կապվել է երեք առանցքային գաղափարի հետ․ տալ միջազգային որակի կրթություն, ապահովել ուսանողների ինտեգրումը բազմամշակութային միջավայրի մեջ և խրախուսել կայուն զարգացման մոտեցումները, որտեղ ավանդույթը ներդաշնակվում է նորարարության և բնապահպանական պատասխանատվության հետ։ Կրթական արժեքներն այստեղ արտահայտվում են ոչ միայն դասավանդման մեթոդաբանությամբ, այլև ուսանողների իրական ներգրավվածությամբ քաղաքի կյանքում։

Դասերը, սեմինարները և լաբորատորիաները միտված են նրան, որ ուսանողները դառնան այն քաղաքի հասարակության ակտիվ մասնակիցներ, որտեղ սովորում են։ Այս համադրությունը նպաստել է, որ APICIUS-ը կարճ ժամանակում դուրս գա տեղական շրջանակներից և ձեռք բերի միջազգային ճանաչում։ Համագործակցությունը James Beard Foundation-ի (Ամերիկյան խոհարարական հեղինակավոր հիմնադրամ՝ ճանաչված մրցանակներով ու կրթական ծրագրերով) հետ Նյու Յորքում, ինչպես նաև WACS (համաշխարհային խոհարարների ասոցիացիա՝ պրոֆեսիոնալ ստանդարտներով և միջազգային ճանաչմամբ) կառույցի կողմից ստացած ճանաչումը հաստատեցին դպրոցի հեղինակությունը՝ որպես հյուրընկալության և գաստրոնոմիայի համաշխարհային կենտրոն։ Այսօր APICIUS-ի անունը նույնքան սերտորեն կապվում է Ֆլորենցիայի հետ, որքան Ուֆիցի պատկերասրահը կամ Պոնտե Վեկկիոն։ Սակայն դպրոցը չի սահմանափակվում միայն Իտալիայով։ Իր հիմնադիրների տեսլականը միշտ էլ եղել է ստեղծել կամուրջներ տարբեր մշակույթների միջև։


Այս հաջողությունների հիման վրա APICIUS-ը ընդլայնում է իր ներկայությունը՝ դեպի Հայաստան, որտեղ արդեն բացվել է նոր միջազգային կրթական կենտրոն՝ Apicius Armenia։ Կենտրոնը, որը սկսել է իր գործունեությունը 2025 թվականի սեպտեմբերին Դիլիջանում, ստեղծվել է Green Rock Foundation-ի և APICIUS International School of Hospitality-ի համագործակցությամբ՝ հայկական HoReCa ոլորտում եվրոպական մակարդակի կրթություն ներդնելու նպատակով։ Apicius Armenia-ն ուսանողներին կտրամադրի ինտենսիվ պրակտիկ, գիտելիք և փորձառություն. առաջին օրվանից նրանք կլուծեն իրական խնդիրներ, ձեռք կբերեն կիրառելի հմտություններ և փորձ, անհրաժեշտ միջազգային մակարդակի կարիերայի համար։

Հայաստանում APICIUS-ի ներկայությունը ոչ միայն կրթական նախաձեռնություն է, այլև մշակութային ու տնտեսական ներդրում։ Մեր երկրի հարուստ գաստրոմշակույթը, խոհանոցը իր յուրահատուկ բաղադրիչներով և ավանդական բաղադրատոմսերով, ինչպես նաև զբոսաշրջության աճը ստեղծում են կատարյալ պայմաններ միջազգային մակարդակի կրթության համար։ Apicius Armenia-ն Դիլիյանում հիմնելու է ուսանողական ռեստորաններ, գինու լաբորատորիաներ և հյուրընկալության կենտրոններ, որոնք կդառնան հանրային կյանքի և միջազգային ճանաչման մաս։ Այս նախաձեռնությունը հիմնադրի տեսլականն է՝ կապել Ֆլորենցիան և Հայաստանը՝ երկու մշակութային կետեր, որտեղ կրթությունն ու պրակտիկան միավորվում են, ստեղծելով նոր մակարդակի գիտելիք, փորձ և միջազգային արժեք։
APICIUS Armenia-ն ձգտում է դառնալ տարածաշրջանում գաստրոնոմիկ և հյուրանոցային կրթության ֆլագման՝ զարգացնելով գործընկերություն բիզնեսի, պետական և միջազգային կառույցների հետ, ինչպես նաև ապահովելով կիրառական փորձառության լայն հնարավորություններ, որոնք ուսանողներին կպատրաստեն հաջող միջազգային կարիերայի։

