New
Mohana-ն՝ նոր համերգի և իր ստեղծագործական աշխարհի մասին

Mohana-ն՝ նոր համերգի և իր ստեղծագործական աշխարհի մասին

Օգոստոսի 17-ին Ember Bar & Restaurant-ում քաղաքը նորից լցվելու է սիրո և լույսի երաժշտությամբ․ Mohana & Band-ը վերադառնում են բեմ՝ հանդիսատեսին պարգևելու անմոռանալի երեկո։ Համերգի նախօրեին Գրիգորի Հակոբյանը զրուցել է Mohana-ի հետ՝ բացահայտելու նրա ոգեշնչման աղբյուրները, ստեղծագործական ընթացքը և այն, ինչ պատրաստվում է մատուցել իր հավատարիմ լսարանին այս անգամ։

Տոմսերը կարող եք ձեռք բերել ticketON.am-ից կամ պատվիրել՝ զանգահարելով +374 99 955225 համարին։

1. Քո նախորդ համերգը Hard Rock Cafe-ում շատ ջերմ և անկրկնելի էր։ Ի՞նչ զգացումներ ունեիր այդ երեկոյի ընթացքում և հետո։

«Hard Rock Cafe-ի համերգին ես զգում էի աներևակայելի ջերմություն ու մտերմություն բոլորի հետ, ովքեր եկել էին։ Այնտեղ մի յուրահատուկ էներգիա կար — կարծես մենք նստած էինք ոչ թե մեծ դահլիճում, այլ փոքրիկ սենյակում, և ես երգում էի իմ ընկերների համար։ Համերգից հետո երկար ժամանակ չէի կարողանում քնել — մտքումս պտտվում էին մարդկանց ժպիտները, աչքերը և ջերմ խոսքերը։» – ասում է Mohana-ն։

2. Նոր համերգը Ember Bar & Restaurant-ում է լինելու․ ի՞նչն է քեզ գրավել այդ վայրի ընտրության մեջ։

Ինձ միշտ ոգեշնչում են ոչ սովորական վայրերը։ Տանիքը ազատություն է՝ երկինք գլխավերևում, մայրամուտ, քաղաքը՝ ոտքերիդ տակ։ Այդ վայրը ինքնին ստեղծում է մթնոլորտ, որտեղ երաժշտությունը հնչում է այլ կերպ՝ ավելի անկեղծ ու թեթև։

3. Ասում ես, որ այս համերգը լինելու է ավելի անձնական ու զգայական։ Կարո՞ղ ես մի փոքր բացել, թե ինչն է այն դարձնում այդպիսին․Կլինե՞ն երգեր, որոնք առաջին անգամ ես ներկայացնելու բեմում։

Դեռ վերջնական չեմ որոշել, բայց գուցե այս համերգին հնչի իմ նոր երգերից մեկը։ Այն շատ կարևոր է ինձ համար, քանի որ ծնվել է իմ կյանքի նշանակալի փուլում։ – ասում է Mohana-ն։

4. Ինչպե՞ս են ծնվում քո երգերը․ նախ բառերն են գալիս, թե՞ երաժշտությունը։

Երգերի ստեղծման գործընթացը տարբեր է լինում։ Երբեմն ծնվում է մեղեդին, և ես սկսում եմ դրա մեջ լսել բառերը։ Իսկ երբեմն՝ հակառակը, հայտնվում է մի տող, և երաժշտությունը ինքն է գալիս, որպեսզի գրկի այն։

5. Երբեմն ստեղծագործ մարդիկ ունեն «հատուկ» արարողություններ կամ սովորություններ նախքան բեմ բարձրանալը։ Դու ունե՞ս նման բան։

Ես ունեմ մի փոքրիկ ծես — բեմ դուրս գալուց մի քանի րոպե առաջ փորձում եմ մնալ լռության մեջ, զգալ շնչառությունս և հիշել, թե ինչու եմ դուրս գալու բեմ։ Դա օգնում է կենտրոնանալ և ամբողջովին լինել պահի մեջ։ – ասում է Mohana-ն։

6. Որն է քո ամենամեծ երազանքը որպես երգչուհի։

Իմ ամենամեծ երազանքն այն է, որ իմ երգերը ճանապարհորդեն աշխարհով մեկ, գտնեն մարդկանց ամենահեռավոր անկյուններում և դառնան նրանց կյանքի պատմությունների մի մասը։

7. Եվ վերջում՝ ի՞նչ ես ուզում, որ հանդիսատեսդ տանի իր հետ այդ երեկոյից հետո։

Ուզում եմ, որ յուրաքանչյուրը իր հետ տանի այն զգացումը, որ եղել է մի երեկոյի, որտեղ կարելի էր լինել ինքն իրենը, զգալ ինչ-որ իրական ու գեղեցիկ բան և գուցե հիշել իր կյանքի մի կարևոր պահ։ – ասում է Mohana-ն։

Comments are closed.