Այսօր Վինձորական ամրոցի Սուրբ Գեորգիի դահլիճում թագավոր Կառլ III-ն ու թագուհի Կամիլան պետական ընթրիքի շրջանակում ընդունելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և առաջին տիկին Մելանիա Թրամփին։ Եթե սովորաբար նման ընդունելությունները տեղի են ունենում Բուքինգհեմյան պալատում, ապա այս անգամ ընտրությունը կանգ առավ Վինձորի պատմական սրտի վրա։ Սուրբ Գեորգիի դահլիճը ոչ միայն ճարտարապետական շքեղություն է, այլև XIV դարի ասպետների ժառանգության պահապան, որտեղ ամեն մանրուք վերածվում է դիվանագիտական արվեստի։

Սեղանի ձևավորումը և սպասքը
Տեղի ընտրությունը և դահլիճի պատրաստումը՝ լուսավորություն, դեկորացիա, ծաղիկների կոմպոզիցիաներ սկսվում է ամիսներ առաջ, իսկ սեղանի ձևավորումը տևում է առնվազն երկու օր։
• Սեղանի վրա դասավորվում է ավելի քան 1200 բաժակ և 2000 արծաթյա սպասք։
• Յուրաքանչյուր հյուրի բաժակները և պատառաքաղները տեղադրվում են միլիմետրային ճշգրտությամբ, իսկ աթոռները հավասար հեռավորությամբ։
• Յուրաքանչյուրի համար նախատեսված է վեց բաժակ․ ջրի, սպիտակ և կարմիր գինու, դեսերտային գինու, շամպայնի և պորտվեյնի համար։
• Դանակները, պատառաքաղները և գդալները դրվում են միայն առաջին երեք ուտեստների համար․ դեսերտի սպասքը մատուցվում է առանձին։

Սպասքը թագավորական «Grand Service» հավաքածուից է՝ արծաթյա և ոսկեզօծ տարրերով։ Սեղանի կենտրոնում՝ մետաղյա կանթելաբրներ, թագավորական այգիներից հավաքված ծաղիկներ և մրգային կոմպոզիցիաներ։
Սպասարկումն իրականացվում է շուրջ 20 թիմերի կողմից․ յուրաքանչյուրում աշխատում են պաժեր, լակեյ, օգնական բաթլեր և սոմելյեներ։ Նրանց գործողությունները համակարգվում են հատուկ լույսային համակարգով․
• Կապույտ ազդանշան — «սպասում»
• Դեղին ազդանշան — «ուտելիքի մատուցում»
Ամբողջ գործընթացը կատարվում է սինխրոն, որպեսզի 170 հյուրերը միաժամանակ ստանան իրենց ուտեստները։ Մենյուն կազմվում է թագավորական խոհարարի կողմից և բաղկացած է հիմնականում չորս ուտեստից․
• Ձկնային նախուտեստ
• Մսային հիմնական ուտեստ
• Պուդինգ
• Դեսերտ և թարմ մրգեր
Գինիներն ու խմիչքները ընտրվում են Կառավարության գինու պահեստից։ Հատուկ ուշադրություն է դարձվում ոչ միայն համադրությանը, այլ նաև խորհրդանշական տարրերին․ նախորդ պետական ընթրիքների ժամանակ մատուցվել են նույնիսկ պորտվեյն և կոնյակ՝ ըստ մոնարխի և հյուր պետության ղեկավարի ծննդյան թվականների։ Մենյուն միշտ գրվում է ֆրանսերենով՝ հին ավանդույթ, որը գալիս է Նորմանդական ժամանակներից։

Ընթրիքը սկսվում է հսկայական դահլիճում հնչող ջութակահարների նվագախմբով։ Ավանդույթի համաձայն, վերջում ներս են մտնում 12 դուդուկահարներ, որոնք ազդարարում են, որ հյուրերը կարող են շարժվել դեպի սրահներ՝ սուրճի և խմորեղենի համար։
Պետական ընթրիքը պարզապես ճաշ չէ․ դա դիվանագիտական արարողակարգ է, որտեղ էթիքետը վերածվում է արվեստի և ամրապնդում երկրների միջև հարաբերությունները։

