New
Հայաստանի զբոսաշրջության և գինու մշակույթի ներկայացումը Մոսկվայում

Հայաստանի զբոսաշրջության և գինու մշակույթի ներկայացումը Մոսկվայում

Սեպտեմբերի 12-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն Մոսկվայի ВДНХ համալիրի «Армения» տաղավարում իրականացրեց փոխճանաչողական այց (Road Show), որին մասնակցեցին Ռուսաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները։ Միջոցառման շրջանակում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանը հանդես եկավ գինու մշակույթի մասին հետաքրքիր ներկայացմամբ՝ ընդգծելով մեր երկրի հարուստ գինեգործական ավանդույթները և զարգացող գինու զբոսաշրջության ներուժը։

Միջոցառմանը ներկա էր նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Նրա ներկայությունը ընդգծեց Հայաստանի զբոսաշրջության ոլորտում նոր շունչն ու զարգացումների շարունակականություն։

Հայաստանի զբոսաշրջության ներուժը ներկայացվեց համապարփակ ձևաչափով՝ ներառելով գաստրոնոմիական ուղղությունը և գինու մշակույթը։ Մասնակիցների համար կազմակերպվեցին նաև B2B հանդիպումներ, որոնք նպաստեցին նոր գործարար կապերի հաստատմանը և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը ռուսական շուկայում։

Միջոցառման գեղարվեստական մասը ևս կարևոր դեր խաղաց․ հյուրերը վայելեցին ավանդական հայկական ղափամա, որը մատուցվեց հայկական երաժշտության ուղեկցությամբ՝ ստեղծելով յուրահատուկ և տոնական մթնոլորտ։

Նման ձևաչափի նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար՝ որպես զբոսաշրջային ուղղություն։ Մեր երկիրը միջազգային շուկաներին ներկայանում է ոչ միայն պատմամշակութային ժառանգությամբ, այլև գաստրոնոմիական և գինեգործական յուրահատկություններով։ Հենց գինին և խոհանոցը այն ուժեղ գործիքներն են, որոնք ձևավորում են զբոսաշրջիկի ընկալումը և ստեղծում երկարաժամկետ հիշողություններ։ Այս տեսանկյունից Road Show-ի ընթացքում հայկական գինիների ու ավանդական խոհանոցի ներկայացումը ոչ միայն վառ համ ու բույր է հաղորդում միջոցառմանը, այլև դառնում է Հայաստանի բրենդի ճանաչելիության կարևոր տարր։

ArmHoReCa-ն վստահ է, որ նման քայլերը նպաստում են հայկական գաստրո և գինու զբոսաշրջության միջազգային առաջխաղացմանը, ապահովելով նոր գործընկերությունների ստեղծում, զբոսաշրջային հոսքերի աճ և Հայաստանի նկատմամբ հետաքրքրության բարձրացում։

Comments are closed.