New
Հայկական գինիների հերթական հաղթանակը Concours Mondial de Bruxelles-ում

Հայկական գինիների հերթական հաղթանակը Concours Mondial de Bruxelles-ում

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական 34 ընկերության 108 անուն գինի այս տարի ներկայացվել էր աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկին՝ Concours Mondial de Bruxelles 2025 կարմիր և սպիտակ գինիների համաշխարհային մրցույթին։

Համտեսները անցկացվել են կույր ձևաչափով, և արդյունքները նորից ապացուցել են հայկական գինիների բարձր որակը՝ 2 մեծ ոսկե (Grand Gold), 7 ոսկե և 21 արծաթե մեդալ նվաճելով միջազգային ժյուրիի գնահատականով։

Concours Mondial de Bruxelles-ը համարվում է աշխարհում խոշորագույն և ամենահեղինակավոր հարթակներից մեկը գինեգործության ոլորտում՝ միավորելով ավելի քան 370 պրոֆեսիոնալ գնահատողներ 49 երկրներից, ովքեր համտեսում են շուրջ 7500 գինի՝ բացահայտելով յուրաքանչյուր երկրի ամենահաջողված ստեղծագործությունները: Այս մրցույթը, որն ունի շուրջ 30 տարվա պատմություն, նպաստում է արտադրող երկրների ճանաչելիությանը, նոր շուկաների բացահայտմանը և տեղական արտադրանքի դիրքի ամրապնդմանը միջազգային մակարդակում։ Հայաստան՝ գինու համաշխարհային քարտեզի կենտրոնում.

Հատկանշական է, որ Concours Mondial de Bruxelles 2026-ը կանցկացվի հենց Հայաստանում՝ Երևանում։ Սա ոչ միայն մեծ պատիվ է, այլև կարևոր հնարավորություն՝ ընդունելու ավելի քան 400 հյուր աշխարհի տարբեր երկրներից, հյուրընկալելու հեղինակավոր գինու փորձագետների, սոմելյեների, գնորդների, ներմուծողների, լրագրողների, դասախոսների և բլոգերների և ներկայացնելու հայկական գինին իր իսկական տեսքով՝ պատմությամբ, համերով և ոգով:

Այս հաղթանակները և սպասվող միջազգային մրցույթի անցկացումը վերահաստատում են, որ Հայաստանը հաստատուն քայլերով վերադառնում է համաշխարհային գինեգործության քարտեզ, ինչպես դա եղել է հազարամյակներ շարունակ՝ խաղողի առաջին ընտելացման և գինու ծննդավայրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *