New
Հայաստանում երեք հյուրանոց արժանացել է միջազգային Green Key սերտիֆիկացման

Հայաստանում երեք հյուրանոց արժանացել է միջազգային Green Key սերտիֆիկացման

Հայաստանում զբոսաշրջության ոլորտը ևս մեկ կարևոր քայլ է կատարել դեպի կայուն զարգացում․ արդեն երեք հյուրանոցային ընկերություն արժանացել են միջազգային Green Key սերտիֆիկացման։ Այս հեղինակավոր վկայագիրը ստացել են․

•Yerevan Marriott Hotel,

Holiday Inn Yerevan – Republic Square,

•Courtyard by Marriott Yerevan Hotel։

Green Key սերտիֆիկացումը տրվում է այն հյուրանոցներին, որոնք իրենց գործունեության մեջ ոչ միայն պահպանում են շրջակա միջավայրը, այլև հետևողականորեն խնայում են բնական ռեսուրսները, ներդնում են կայուն ու պատասխանատու գործելակերպի սկզբունքներ և ակտիվ դեր ունեն հասարակության նկատմամբ պատասխանատվության մշակույթի ձևավորման մեջ։ Այլ կերպ ասած, սա պարզապես էկո-վկայագիր չէ․ այն ընդգծում է հյուրանոցի ամբողջական փիլիսոփայությունը՝ սկսած էներգիայի ու ջրի խնայողությունից մինչև տեղական համայնքների հետ համագործակցություն և աշխատակիցների էկո-կրթություն։

Այս սերտիֆիկացիան ոչ միայն հաստատում է հյուրանոցների պատասխանատու քաղաքականությունը, այլև դառնում է վստահության նշան միջազգային զբոսաշրջիկների համար։ Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեն հատուկ ողջունել է Green Key սերտիֆիկացումը ստացած հյուրանոցներին՝ շեշտելով, որ նման օրինակները կարևոր դեր ունեն Հայաստանում կայուն զբոսաշրջության մշակույթի ձևավորման, երկրի միջազգային ճանաչելիության և մրցունակության բարձրացման ինչպես նաև գործարար միջավայրի և ներդրումային գրավչության ամրապնդման տեսանկյունից։

Հատկանշական է, որ հենց Yerevan Marriott Hotel-ը դարձավ առաջինը Հայաստանում, որ ստացավ այս հեղինակավոր սերտիֆիկացումը։ Ավելին, Marriott-ի հյուրանոցային ցանցը շարունակեց առաջնորդությունը՝ ստանալով վկայագիր նաև Courtyard by Marriott Yerevan Hotel-ի համար։ Դրան միացավ նաև Holiday Inn Yerevan – Republic Square հյուրանոցը՝ ընդգծելով, որ Երևանը դառնում է տարածաշրջանում կանաչ և պատասխանատու հյուրանոցային մշակույթի կենտրոն։

Հյուրանոցային ցանցերի գլխավոր տնօրենները Զբոսաշրջության համաշխարհային օրվա առիթով նաև հատուկ շնորհավորանքներ ու անակնկալներ էին պատրաստել Կոմիտեի թիմի համար՝ ընդգծելով իրենց նվիրումը ոչ միայն հյուրերի սպասարկման բարձր մակարդակին, այլև պատասխանատու և կանաչ ապագա կառուցելու գաղափարին։

Այսօր զբոսաշրջիկները գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում այն բանին, թե որքան պատասխանատու են այն ընկերությունները, որոնց ծառայություններից օգտվում են։ Green Key-ը ոչ միայն միջազգային վկայագիր է, այլև հստակ ուղերձ, որ Հայաստանը քայլում է համաշխարհային կանաչ օրակարգին համընթաց։ Կայուն զարգացումը դառնում է Հայաստանի զբոսաշրջային պատմության նոր էջը։

Comments are closed.