Ամերիկյան արագ սննդի հսկա Wendy’s-ը պաշտոնապես մուտք է գործում Հայաստան՝ նախատեսելով մինչև 2030 թվականը բացել 20 նոր ռեստորան ամբողջ երկրում։ Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձել Wen Restaurant LLC ընկերության հետ ստորագրված բացառիկ ֆրանշիզային համաձայնագրի շնորհիվ։ Առաջին ռեստորանը նախատեսվում է բացել Երևանի կենտրոնում, իսկ ընդհանուր ներդրումը կանխատեսվում է, որ կհանգեցնի շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծմանը, նպաստելով երկրի տնտեսական աճին և արագ սպասարկման ռեստորանների ոլորտի զարգացմանը:

Wendy’s-ը, որն աշխարհում շահագործում է ավելի քան 7,250 ռեստորան (որից 1,350-ը ԱՄՆ-ից դուրս), նպատակ ունի մինչև 2028 թվականը միջազգային մասնաճյուղերի թիվը հասցնել 2,000-ի։ Ներկայում Wendy’s-ի շուկայական կապիտալիզացիան կազմում է մոտ 2.1 միլիարդ դոլար, իսկ վերջին տարվա ընթացքում ընկերության տարեկան եկամուտը հասել է 2.24 միլիարդ դոլարի, ապահովելով կայուն աճ նախորդ տարվա համեմատ։ Այս մասին հայտարարել է ընկերության միջազգային բաժնի նախագահ E.J. Wunsch-ը՝ ընդգծելով, որ նոր համագործակցությունը Հայաստանի հետ կարևոր փուլ է նրանց միջազգային աճի ռազմավարության մեջ․
«Ուրախ ենք համագործակցել Wen Restaurant-ի հետ՝ մեր թարմ և հայտնի սնունդը ու անկրկնելի հյուրընկալությունը հասցնելու Հայաստանի տեղական համայնքներին։ Նոր այս գործընկերությունը աջակցում է մեր նպատակին և արտացոլում է մեր մոտեցումը:»

Wen Restaurant LLC-ի գործադիր տնօրեն Հրանտ Գրիգորյանը նշել է, որ համագործակցությունը ոչ միայն նոր բրենդ կբերի Հայաստան, այլև կնպաստի արագ սպասարկման ռեստորանների ոլորտի որակական վերափոխմանը.
«Հպարտ ենք հայ սպառողին ներկայացնելու Wendy’s-ը։ Սա լեգենդար բրենդ է՝ տարածաշրջանում ապացուցված հաջողությամբ և մեծ ներուժով։ Համոզված ենք, որ մեր սպառողները կգնահատեն Wendy’s-ի բարձր որակը և թարմ սնունդը։ Մենք կստեղծենք սպասարկում և փորձառություն, որը կապահովի մեծ թվով հավատարիմ հաճախորդներ ամբողջ երկրում»։
Ընկերությունը ծրագրում է հայկական շուկային առաջարկել Wendy’s-ի հայտնի քառակուսի համբուրգերները, կծու հավի սենդվիչներն ու նագեթները, ինչպես նաև իր պաշտամունքային Frosty աղանդերը, պահպանելով բրենդի հիմնական խոստումը՝ «Թարմ, հայտնի սնունդ, պատրաստված հենց ձեզ համար»։

Հայաստանի հետ այս համաձայնագիրը միանում է Wendy’s-ի եվրոպական ընդլայնման ծրագրերին։ Հավելենք, որ վերջերս ընկերությունը պայմանագիր է կնքել նաև իտալական Your Food SRL-ի հետ՝ մինչև 2035 թվականը Իտալիայում բացելու 170 նոր ռեստորան, որոնցից առաջին երկուսը նախատեսված են Միլանում 2026 թվականի կեսերին:
Wen Restaurant LLC-ը լինելով Connect Group-ի մաս, Հայաստանում հայտնի է իր հաջողություններով սննդի, մանրածախ առևտրի, հյուրընկալության և բաշխման ոլորտներում։ Ընկերությունը նպատակ ունի վերաիմաստավորել արագ սպասարկման ռեստորանների ոլորտը Հայաստանում և դառնալ ոլորտի առաջատար խաղացողը։


Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.