New
Լուսինե Գևորգյանը արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակի զբոսաշրջության կառավարման ոլորտում

Լուսինե Գևորգյանը արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակի զբոսաշրջության կառավարման ոլորտում

Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը արժանացել է «Գերազանցություն ուղղության կառավարման ոլորտում» (Կովկաս)(Excellence in Governance Destination Management (the Caucasus)) մրցանակին։

Մրցանակը շնորհվել է միջազգային հեղինակավոր կազմակերպության՝ Pacific Area Travel Writers Association (PATWA) կողմից՝ աշխարհի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկի՝ ITB Berlin-ի շրջանակում։

PATWA-ն միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է զբոսաշրջային ոլորտի լրագրողներին, վերլուծաբաններին և փորձագետներին։ Կազմակերպության կողմից շնորհվող մրցանակները նախատեսված են ճանաչելու այն երկրներին, կառույցներին և մասնագետներին, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են զբոսաշրջության, հյուրընկալության և ճանապարհորդության ոլորտների կայուն զարգացմանը։

«Excellence in Governance Destination Management» անվանակարգը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն մասնագետներին և կառավարման մոդելներին, որոնք արդյունավետ կերպով ձևավորում են զբոսաշրջային ուղղության ռազմավարական զարգացումը՝ համադրելով պետական քաղաքականությունը, մասնավոր հատվածի նախաձեռնությունները և միջազգային համագործակցությունը։

Ժամանակակից զբոսաշրջային քաղաքականության մեջ մեծ նշանակություն ունի destination management հասկացությունը՝ այն կառավարման մոտեցումը, որի միջոցով երկիրը ներկայացվում է ոչ միայն որպես այցելության վայր, այլ որպես ամբողջական զբոսաշրջային փորձառություն։ Այս մոդելը ներառում է մի շարք կարևոր ուղղություններ՝ զբոսաշրջային առաջարկի ռազմավարական ձևավորում, միջազգային շուկաների հետ համակարգված աշխատանք, ոլորտի տարբեր դերակատարների համագործակցություն և ուղղության երկարաժամկետ կայուն զարգացում։

Այս համատեքստում Լուսինե Գևորգյանի ստացած մրցանակը կարելի է դիտարկել որպես Հայաստանի զբոսաշրջության կառավարման համակարգի միջազգային ճանաչում։

Վերջին տարիներին Հայաստանը հաճախ է հայտնվում միջազգային զբոսաշրջային օրակարգում՝ որպես ուղղություն, որը համադրում է պատմամշակութային ժառանգությունը, բնական լանդշաֆտները, գինեգործական ավանդույթները և զարգացող գաստրոնոմիական մշակույթը։ Նման միջազգային գնահատականները կարևոր դեր են խաղում Հայաստանի զբոսաշրջային բրենդի ճանաչելիության բարձրացման և երկրի դիրքավորման գործում համաշխարհային զբոսաշրջային քարտեզում։

Մրցանակի ստացման առիթով Լուսինե Գևորգյանը իր հրապարակման մեջ նշել է․

«Վերջին երկու տարիների ընթացքում ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքները Հայաստանի զբոսաշրջության զարգացման ռազմավարության մեջ՝ հատուկ ուշադրություն դարձնելով կայուն զբոսաշրջության զարգացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը և ոլորտի օրենսդրական բարեփոխումներին։
Այս մրցանակը պարտավորեցնող է և մեզ ավելի մեծ պատասխանատվություն է տալիս առաջիկա տարիներին շարունակելու Հայաստանի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքը
»։

Շնորհավորում ենք Լուսինե Գևորգյանի այս կարևոր միջազգային գնահատականի կապակցությամբ և հաջողություն մաղթում Հայաստանի զբոսաշրջության զարգացմանն ուղղված հետագա նախաձեռնություններում։

Comments are closed.