Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մարտի 3–5-ը անցկացվել է համաշխարհային զբոսաշրջային ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ ITB Berlin 2026 միջազգային ցուցահանդեսը, որն այս տարի անցկացվել է արդեն 60-րդ հոբելյանական անգամ՝ Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսային համալիրներից մեկում՝ Messe Berlin-ում։ 1966 թվականից կազմակերպվող ITB Berlin-ը համարվում է աշխարհի ամենախոշոր զբոսաշրջային հարթակներից մեկը, որտեղ ներկայացվում են զբոսաշրջային շուկայի տարբեր ուղղությունները՝ արկածային ճանապարհորդություններից և բիզնես տուրիզմից մինչև բժշկական զբոսաշրջություն և ժամանակակից տեխնոլոգիաներ։

Այս տարվա ցուցահանդեսին Հայաստանը ներկայանցել է միասնական ազգային տաղավարով՝ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի և հայկական զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ։ Հայկական տաղավարը ներկայացրել է երկրի բազմաշերտ զբոսաշրջային հնարավորությունները՝ առանձնահատուկ շեշտադրելով Հայաստանի մշակութային ժառանգությունը, գաստրոնոմիան, գինեգործական ավանդույթները և արկածային զբոսաշրջության ներուժը։
Ցուցահանդեսի օրերին իրականացվել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ միջազգային գործընկերների հետ, որոնք նպատակ ունեն ընդլայնելու համագործակցության աշխարհագրությունը, ներգրավելու նոր զբոսաշրջային շուկաներ և առավել ամրապնդելու Հայաստանի դիրքը որպես հետաքրքիր և բազմազան զբոսաշրջային ուղղություն։


ITB Berlin 2026-ի շրջանակում անցկացվոել է նաև հեղինակավոր մրցանակաբաշխություն, որը կազմակերպվում է Pacific Area Travel Writers Association (PATWA) միջազգային կազմակերպության կողմից։
PATWA-ն համաշխարհային հարթակում միավորում է զբոսաշրջային ոլորտի լրագրողներին, փորձագետներին և վերլուծաբաններին՝ նպաստելով զբոսաշրջության, հյուրընկալության, տրանսպորտի ոլորտների կայուն զարգացմանը։ Կազմակերպության մրցանակները շնորհվում են այն երկրներին, կազմակերպություններին և մասնագետներին, որոնք իրենց գործունեությամբ էական ազդեցություն են ունենում ոլորտի զարգացման վրա։

2026 թվականի մրցանակաբաշխության ընթացքում Հայաստանը արժանացավ երկու հեղինակավոր մրցանակի։
Առաջինը՝«Տարվա ուղղություն․ բնական տեսարժան վայրեր» (Destination of the Year – Natural Attractions) մրցանակն է, որը ընդգծում է Հայաստանի բացառիկ բնական լանդշաֆտները և երկրի աճող ճանաչելիությունը միջազգային զբոսաշրջային քարտեզի վրա։
Այս գնահատականը նաև արձանագրում է վերջին տարիներին իրականացվող աշխատանքը՝ Հայաստանի բնական և մշակութային ներուժը որպես ամբողջական զբոսաշրջային փորձառություն ներկայացնելու ուղղությամբ։
Երկրորդ՝ Հայաստանի համար կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ դարձավ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի ստացած մրցանակը։
Նա արժանացավ «Գերազանցություն ուղղության կառավարման ոլորտում (Կովկաս)» մրցանակին՝ Excellence in Governance Destination Management (the Caucasus) անվանակարգում։

Այս մրցանակը շնորհվում է այն մասնագետներին, ովքեր իրենց կառավարման մոտեցմամբ կարողանում են ձևավորել արդյունավետ և կայուն զբոսաշրջային միջավայր՝ համադրելով պետական քաղաքականությունը, մասնավոր հատվածի նախաձեռնությունները և միջազգային համագործակցությունը։
ITB Berlin 2026-ի շրջանակում ստացած այս մրցանակները կարևոր ազդակ են միջազգային զբոսաշրջային հանրության համար։ Դրանք ոչ միայն ընդգծում են Հայաստանի բնական և մշակութային հարստությունը, այլ նաև ցույց են տալիս, որ երկրի զբոսաշրջային ոլորտը ձևավորվում է համակարգված կառավարման, միջազգային համագործակցության և նոր ռազմավարական մոտեցումների հիման վրա։

