New
Հայաստանը տուրիզմի բում է ապրում՝ պատմամշակութային, գաստրո և արկածային ուղղություններով

Հայաստանը տուրիզմի բում է ապրում՝ պատմամշակութային, գաստրո և արկածային ուղղություններով


ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է տուրիզմի զարգացման ընթացքի, ուղիների և կոմիտեի աջակցած փառատոնների մասին։ Ասուլիսի ընթացքում քննարկվել են հատկապես Հայաստանի երեք հիմնական տուրիստական ուղղությունները՝ պատմամշակութային, գաստրոտուրիզմը և արկածային տուրիզմը։

Լուսինե Գևորգյանը նշել է, որ այս ամառ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը զգալի աճ է արձանագրել։ Եթե 2024 թվականի հունիսին Հայաստան էր եկել մոտ 180 հազար, հուլիսին՝ 237 հազար, օգոստոսին՝ 300 հազարից ավելի զբոսաշրջիկ, ապա 2025 թվականին այդ ցուցանիշները զգալիորեն բարձրացել են․ հունիսին՝ 215 հազար, հուլիսին՝ 263 հազար, օգոստոսին՝ 334 հազարից ավելի։

«Հայաստանը այս ամիսներին զբոսաշրջային բում է ապրում։ Առավել նկատելի է ամառային ամիսներին աճը, և ամենամեծ թիվը Հայաստան այցելող զբոսաշրջիկները գալիս են Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և ԱՄՆ-ից։ Նկատելի է նաև Չինաստանից, Ֆրանսիայից և Գերմանիայից եկող զբոսաշրջիկների թվի ավելացում», – նշեց Լուսինե Գևորգյանը։

Կոմիտեն այս տարի շարունակելու է աջակցել տուրիզմի երեք հիմնական ուղղությունների զարգացմանը։ Դրանց զարգացման կարևորության մեջ առանձնահատուկ է Հայաստանի միջազգային ճանաչումը․

«Մենք այս տարի Բեռլինում ստացել ենք լավագույն արկածային ուղղության մրցանակը, ինչը շատ ուրախացնող և միևնույն ժամանակ պարտավորեցնող է, որ այս տարի այդ կոչումը բարձր պահենք։», – ընդգծեց նա։ Նա նաև նշեց, որ Հայաստանում արկածային տուրիզմը զարգանում է Սևանա լճում՝ յախտինգ, կայակինգ, սերֆինգ, և Ազատի ջրամբարում։ «Սևանա լճում և Ազատում տուրիստական նոր ուղղություններն արագ տեմպերով զարգանում են, և կոմիտեն պատրաստ է աջակցել ցանկացած փառատոնի ու միջոցառման իրականացմանը՝ արկածային տուրիզմի խթանման նպատակով», – եզրափակեց Լուսինե Գևորգյանը։

Comments are closed.