2025 թվականի օգոստոսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 334,396, մինչդեռ 2024-ի օգոստոսին այդ թիվը եղել է 300,919։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 33,477 այց, ինչը հավասար է +11,1%-ի։
Ինչպես ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․ «2025-ի օգոստոսին նորից զբոսաշրջային աճ և ռեկորդ ունենք։ Զբոսաշրջային այցելությունների վիճակագրության մեջ այս տարվա մայիսը, հունիսը, հուլիսը և օգոստոսը երբևէ գրանցված ամենաշատ Հայաստան այցելած զբոսաշրջիկներով ամիսներն են։ Մեր երկրի պատմության մեջ երբևէ չի եղել որևէ մայիս, որևէ հունիս, հուլիս կամ օգոստոս, որ այսքան զբոսաշրջիկ այցելած լինի Հայաստան»։

Այս աննախադեպ արդյունքները վկայում են, որ Հայաստանը կայուն կերպով դառնում է ավելի գրավիչ ուղղություն միջազգային զբոսաշրջիկների համար։ Զբոսաշրջության կոմիտեի համակարգմամբ վերջին տարիներին իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները, նոր ուղղությունների առաջխաղացումն ու թիրախավորված շուկաների հետ աշխատանքը զգալի դեր են խաղում այս աճի ապահովման գործում։
Մենք կարծում ենք, որ զբոսաշրջիկների թվի նման աճը ոչ միայն ամրապնդում է Հայաստանի դիրքերը տարածաշրջանային տուրիզմի քարտեզում, այլև լայն հնարավորություններ է ստեղծում տնտեսության համար՝ զարգացնելով հյուրանոցային և ռեստորանային ոլորտները, գաստրոնոմիկ տուրիզմը և զբոսաշրջային ենթակառուցվածքները։ Այս համատեքստում պետական և մասնավոր հատվածների համատեղ աշխատանքը մնում է առանցքային՝ պահպանելու աճի այս տեմպը և Հայաստանը ներկայացնելու որպես ժամանակակից ու բազմազան զբոսաշրջային ուղղություն։

Հայաստանի զբոսաշրջության աճը ցույց է տալիս, որ մեր երկիրը ոչ միայն պահպանում է իր գրավչությունը, այլ նաև դառնում է տարածաշրջանում առանձնահատուկ ուղղություն՝ իր պատմամշակութային ժառանգությամբ, գաստրոնոմիկ բազմազանությամբ և յուրահատուկ բնությամբ։ Armhoreca-ի գնահատմամբ՝ առաջիկա տարիներին Հայաստանը կարող է նոր ռեկորդներ սահմանել, եթե շարունակվի շուկաների ճիշտ թիրախավորումը և ներդրումները զբոսաշրջային ենթակառուցվածքներում։ Նոր միջազգային ավիաչվերթների ավելացումը, զբոսաշրջային փաթեթների բազմազանեցումը, ինչպես նաև Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնած ծրագրերը հնարավորություն են տալիս Հայաստանին ամրապնդել իր դիրքը որպես անվտանգ, հետաքրքիր և բազմաշերտ զբոսաշրջային ուղղություն։ Այս տեմպերով զարգանալով՝ Հայաստանը ոչ միայն կշարունակի գրավել նոր այցելուների, այլև կդառնա տարածաշրջանի զբոսաշրջային առանցքներից մեկը։


