New
Հայաստանը Qatar Travel Mart 2025-ում․  Նոր դռներ դեպի Մերձավոր Արևելք

Հայաստանը Qatar Travel Mart 2025-ում․ Նոր դռներ դեպի Մերձավոր Արևելք

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիսավորությամբ մեկնարկեց Qatar Travel Mart (QTM) 2025 միջազգային ցուցահանդեսը՝ Մերձավոր Արևելքի զբոսաշրջային ոլորտի ամենահեղինակավոր հարթակներից մեկը։ Այս միջոցառումը վերածվում է տարածաշրջանի զբոսաշրջային քաղաքականության և ներդրումային հետաքրքրությունների ուղղորդման գլխավոր կենտրոններից մեկը, որտեղ մասնակցում են աշխարհի տասնյակ երկրներ, հազարավոր զբոսաշրջային գործակալություններ և ոլորտի մասնագետներ։

Qatar Travel Mart–ը համախմբում է․
 • միջազգային զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներին
 • ազգային տուրիզմի մարմիններին
 • ներդրողներին
 • ավիաընկերություններին
 • հյուրանոցային ոլորտի առաջատար մասնագետներին

Ցուցահանդեսը իր հեղինակությամբ և մասնագիտական մակարդակով մեծ ազդեցություն ունի զբոսաշրջային նոր ուղղությունների բացահայտման և գլոբալ համագործակցությունների ձևավորման մեջ։

Այս տարի Հայաստանը հատուկ պատվով է ներկայանում Կատարի շուկայում՝ առաջին անգամ ունենալով իր ազգային տաղավարը։ Մասնակցությունը նոր ու պատասխանատու քայլ է՝ ներկայացնելու Հայաստանի զբոսաշրջային ներուժը այն երկրում, որը վերջին տարիներին դարձել է աշխարհին կապող ավիացիոն և զբոսաշրջային խոշոր հանգույց։

Միջոցառման բացմանը ներկա էր Կատարում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գևորգյանը, ով ընդգծեց համաշխարհային այս մեծ բեմում Հայաստանի ներկայության նշանակությունը և շնորհակալություն հայտնեց Կատարի զբոսաշրջության գերատեսչությանը՝ Հայաստանի նկատմամբ ցուցաբերված վստահության համար։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեյի նախագահ Լուսինե Գևորգյանը և մի շարք զբոսաշրջային ընկերություններ։

Հայկական տաղավարը ոչ միայն տեղեկատվական է․ այն նպատակ ունի ստեղծելու մշակութային և գաստրոնոմիկ փորձառություն։ Այցելուները հնարավորություն ունեն բացահայտելու.
 • հայկական գաստրոնոմիայի հարուստ աշխարհը, բարձրորակ գինիները և տեղական բերքատեսակը,
 • գորգագործության և ձեռագործ մշակույթի ավանդույթները՝ որպես մեր ինքնության առանցքային սյուներ,
 • ինչպես նաև Հայաստանի ամբողջական զբոսաշրջային առաջարկը՝ պատմամշակութային ուղիներից մինչև արկածային ճանապարհորդություն ու առողջարանային ուղղություններ։

Հայաստանի առաջին ներկայությունը Qatar Travel Mart–ում բացում է նոր դռներ Մերձավոր Արևելքում զբոսաշրջության զարգացման համար։ Այս քայլը կարող է դառնալ այցելունեի հոսքերի աճի, ներդրումային հետաքրքրության բարձրացման, հայկական գաստրոնոմիայի ու մշակույթի միջազգային ճանաչման կատալիզատոր

Մեր պատվիրակությունը շարունակում է հանդիպել գործընկերների, տուրիստական հարթակների և ներդրողների հետ՝ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի դիրքը համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա։

Comments are closed.