Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է FOODEX Japan 2026 միջազգային ցուցահանդեսը, որը համարվում է սննդի և խմիչքների ոլորտի ամենախոշոր և հեղինակավոր միջոցառումներից մեկը Ասիայում։Ցուցահանդեսը անցկացվում է մարտի 10-ից 13-ը և ամեն տարի միավորում է ավելի քան 3000 ընկերություն աշխարհի ավելի քան 70 երկրներից։ Մասնակիցների թվում են սննդի արտադրողներ, գինեգործներ, ներմուծողներ, ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներ, դիստրիբյուտորներ և ոլորտի բազմաթիվ մասնագետներ։
FOODEX Japan-ը ոչ միայն ցուցահանդես է, այլ նաև միջազգային բիզնես հարթակ, որտեղ ձևավորվում են նոր համագործակցություններ, ներկայացվում են համաշխարհային շուկայի նոր միտումները և բացահայտվում են տարբեր երկրների գաստրոնոմիական մշակույթները։

Այս տարվա ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական ազգային տաղավարով, որտեղ մասնակցում են 19 հայկական գինեգործական ընկերություններ։
Մասնակիցների թվում են
Vine and Wine Foundation of Armenia,
Hin Areni Winery,
Gevorkian Winery,
Van Ardi Winery,
Voskevaz Winery,
Manukyan Wine & Brandy Factory,
Ijevan Wine Brandy Factory ինչպես նաև Koor, Stork Wines, Savar Wines և այլ գինեգործական ընկերություններ։
Ցուցահանդեսի առաջին իսկ օրը հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում։ Տարբեր երկրներից ժամանած մասնագետներն ու գինու սիրահարները հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական գինու յուրահատուկ բնույթին՝ տեղական խաղողի սորտերից մինչև հայկական գինեգործության բազմադարյա ավանդույթներ։

Վերջին տարիներին միջազգային ցուցահանդեսներում հայկական գինու ներկայությունը զգալիորեն ակտիվացել է։ Նման հարթակներում Հայաստանը ներկայանում է ոչ միայն որպես գինու արտադրող երկիր, այլ նաև որպես հին գինեգործական քաղաքակրթություն, որի մշակույթը ձևավորվել է հազարամյակների ընթացքում։
Նման միջազգային հարթակներում հայկական գինեգործության միասնական և ակտիվ ներկայությունը կարևոր քայլ է հայկական գինու միջազգային ճանաչելիության համար։ FOODEX Japan-ի նման մասշտաբային միջոցառումները հնարավորություն են տալիս հայկական գինին ներկայացնել նոր շուկաներում և աշխարհին ևս մեկ անգամ ցույց տալ Հայաստանի գինեգործական մշակույթի խորությունն ու ինքնատիպությունը։

