New
Հայաստանի հյուրանոցները միջազգային որակավորում ստանալու հնարավուրություն կունենան

Հայաստանի հյուրանոցները միջազգային որակավորում ստանալու հնարավուրություն կունենան


Հայաստանի հյուրանոցային ոլորտը մտնում է կարևոր փոփոխությունների փուլ․ առաջիկայում հյուրանոցները կունենան հնարավորություն ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան որակավորում, ինչը կհամապատասխանի եվրոպական ստանդարտներին։

Նախկինում Հայաստանում հյուրանոցների որակավորումը իրականացվում էր հիմնականում տեղական մարմինների կողմից, և գործընթացը հիմնականում կամավոր բնույթ էր կրում։ Արդյունքում, շատ հյուրանոցներ չունեն փաստացի որակավորում, որը հաստատված է միջազգային ստանդարտներով․ նույնիսկ այն հյուրանոցները, որոնք ցուցադրում են աստղային կարգավորում, հաճախ չունեն պաշտոնական հավաստիացում։


Անահիտ Մկրտչյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի Զբոսաշրջության քաղաքականության վարչության պետը հայտարարել է

«Այսօր մենք ունենք ընդամենը մեկ որակավորված հյուրանոց։ Այն հյուրանոցները, որոնց մոտ տեսնում ենք աստղեր, իրականում դրանք չեն ստացվել որակավորող կառույցի կողմից, ինչը ոչ հավասար պայմաններ է ստեղծում ոլորտում»։

Այս փաստը սահմանափակում է ինչպես ներքին մրցակցությունը, այնպես էլ միջազգային ճանաչելիությունը․ զբոսաշրջիկները, հատկապես արտասահմանցի այցելուերը, երբեք լիովին վստահ չեն լինում, որ 4 կամ 5 աստղ ունեցող հյուրանոցը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Հայաստանում գործող բազմաթիվ հյուրանոցներ իրականում համապատասխանում են եվրոպական 3, 4 կամ 5 աստղանի չափանիշներին, սակայն միջազգային որակավորում չունեն։ Այս խնդիրը լուծելու նպատակով կառավարությունը պատրաստվում է հայտարարել մրցույթ, որի շրջանակում կհայտնաբերվի միջազգային միավորում, որը կհամագործակցի հայկական հյուրանոցների հետ՝ միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման գործընթացում։


Անահիտ Մկրտչյանի խոսքով, որակավորումը իրականացնող կազմակերպությունը պետք է լինի միջազգային միավորման անդամ և ճանաչված՝ առնվազն 10 երկրներում։ Օրինակ՝ նման կազմակերպություն է Hotelstars Union՝ Եվրոպայում ընդունված չափանիշներով։

Եթե մրցույթն ավարտվի նախատեսված ժամկետներում և ընտրությունը կատարվի, ակնկալվում է, որ արդեն 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը կունենա առաջին հյուրանոցները, որոնք կունենան միջազգային որակավորում։ Ներկայում Հայաստանում գործում է ավելի քան 1000 հյուրանոց, և մեկնարկային փուլում մինչև 50 հյուրանոց կստանա միջազգային որակավորում։ Մեկնարկային փուլից հետո որակավորումը կդառնա կամավոր, սակայն ակնկալվում է, որ ստեղծվող մրցակցային միջավայրը կնպաստի ոլորտի ակտիվացմանը, նոր մակարդակի բարձրացմանը և ծառայությունների որակի բարելավմանը։


Նախագիծը քննարկվել է նաև հյուրանոցային տնտեսությունների հետ, և մասնակիցների մեծամասնությունը, հատկապես միջազգային ցանցերում գործող հյուրանոցները, հայտնել են իրենց հետաքրքրվածությունը։ Այս նախաձեռնությունը ոչ միայն կնպաստի Հայաստանի հյուրանոցային ոլորտի մրցունակության բարձրացմանը, այլ նաև կապահովի զբոսաշրջիկների վստահությունն ու միջազգային ճանաչելիությունը։

Comments are closed.