Հայաստանում գործող առաջին Խոհարարական արվեստի և հյուրընկալության «Երեմյան Ակադեմիան» ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող կրթական հաստատությունների՝ Le Cordon Bleu, Swiss School of Management և Business and Hotel Management School ներկայացուցիչներին, ովքեր Հայաստան են այցելել Միջազգային կրթական էքսպո 2025-ի շրջանակում։

Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է կրթօջախի վերջին վեց տարվա գործունեության արդյունքները՝
• 2500 շրջանավարտ,
• շրջանավարտների 90% զբաղվածություն,
• 60-ից ավելի կրթական ծրագիր,
ինչպես նաև՝ Երևանի և մարզերի հյուրընկալության ոլորտում Ակադեմիայի ունեցած նշանակալի ներդրումը։
Տիգրանյանը շեշտել է, որ Երեմյան ընկերությունների խումբը, լինելով Հայաստանի հյուրընկալության ոլորտի ձևավորման ակունքներում, մշտապես կարևորում է մասնագիտական կրթության և պատրաստված կադրերի դերը։

«Ուրախ ենք, որ մեր շրջանավարտներն ուսումնառությունից հետո շարունակում են իրենց գիտելիքներով հարստացնել հյուրընկալության ոլորտը ոչ միայն Երևանում և մարզերում, այլև Հայաստանի սահմաններից դուրս», — նշել է Աիդա Տիգրանյանը՝ ընդգծելով նաև Ակադեմիայի միջազգային համագործակցությունների փորձը և ներդրումը խոհարարական դիվանագիտության զարգացման գործում։
Le Cordon Bleu-ի ներկայացուցիչ Մելիսա Կաիսեդո Բետանկուրը, ներկայացնելով հաստատության 130-ամյա պատմությունն ու փորձը, նշել է, որ դպրոցն այսօր ունի մասնաճյուղեր 25 երկրներում և ուսանողներ՝ 100-ից ավելի երկրներից։ Նրա խոսքով՝ Le Cordon Bleu-ն տարիներ շարունակ պահպանել է աշխարհի լավագույն խոհարարական դպրոցի վարկանիշը։
Swiss School of Management-ի ներկայացուցիչ Սանդրա Սերխիո Սոտտոն կարևորել է միջազգային համագործակցությունների և փորձի փոխանակման ծրագրերի նշանակությունը՝ ընդգծելով, որ նման շփումները նպաստում են ոլորտի շարունակական զարգացմանը։

Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և բարձր մակարդակի կազմակերպվածության համար՝ նշելով, որ տպավորված են Ակադեմիայի գործունեությամբ, կրթական ծրագրերով և ուսանողների պատրաստվածությամբ։
Նրանք ընդգծել են, որ տեսնում են համագործակցության մի շարք հնարավոր ուղղություններ՝ խոհարարության, հրուշակագործության, սպասարկման և մենեջմենթի ոլորտներում։
Երեմյան Ակադեմիան շարունակաբար ձևավորում է Հայաստանի հյուրընկալության կրթական միջավայրը՝ նպաստելով մասնագիտական աճին և միջազգային համագործակցության ընդլայնմանը։

