New
Հայաստանը ներկայացնում է զբոսաշրջային ներուժը «WTM London 2025» միջազգային ցուցահանդեսում

Հայաստանը ներկայացնում է զբոսաշրջային ներուժը «WTM London 2025» միջազգային ցուցահանդեսում

Նոյեմբերի 4–6-ը Լոնդոնում Հայաստանը մասնակցում է աշխարհի հեղինակավոր զբոսաշրջային հարթակներից մեկին՝ «WTM London 2025» միջազգային ցուցահանդեսին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ոլորտի 11 կազմակերպությունների հետ միասին ներկայացնում է Հայաստանը որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն՝ ցուցադրելով մեր երկրի տուրիստական հնարավորությունները, մշակույթը և ավանդական խոհանոցը։ Հայկական տաղավարում ներկայացված են ազգային ճաշատեսակներ, գինիներ և քաղցրավենիքներ, որոնք այցելուներին հնարավորություն ենն տալիս զգալ հայկական հյուրընկալության իսկական մթնոլորտը։

Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի պաշտոնական տաղավար է այցելել Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, ով կարևորել է Հայաստանի ներկայությունը նման մասշտաբային միջոցառման մեջ։

Զբոսաշրջության կոմիտեն քննարկումներ է ունեցել տարբեր երկրների զբոսաշրջային կառույցների և միջազգային հեղինակավոր մեդիա և տեխնոլոգիական հարթակների՝ BBC Global News, Expedia, Lonely Planet և Wanderlust-ի ներկայացուցիչների հետ՝ համագործակցության նոր ձևաչափերի և համատեղ ծրագրերի շուրջ։

Ինչ է «WTM London»-ը

WTM London (World Travel Market London)-ը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը, որը առաջին անգամ անցկացվել է 1980 թվականին։ Այն ամեն տարի հյուրընկալում է աշխարհի ավելի քան 180 երկրների զբոսաշրջային կառույցների, պետական և մասնավոր ընկերությունների, ավիաընկերությունների, հյուրանոցների, տուրօպերատորների և մեդիա հարթակների ներկայացուցիչների։ Ամեն տարի WTM London-ը գրավում է ավելի քան 50,000 մասնակից, իսկ միջոցառման ժամանակ ստորագրվում են հարյուրավոր գործընկերային համաձայնագրեր։

Այս տարվա մասնակցությունը հերթական կարևոր քայլն է Հայաստանի՝ որպես տարածաշրջանում կայուն և յուրօրինակ զբոսաշրջային ուղղության, միջազգային ճանաչման ճանապարհին։

Comments are closed.