Երևանի կենտրոնում՝ Պուշկինի 38 հասցեում գտնվող Աֆրիկյանների առանձնատան երկրորդ հարկում իր գործունեությունն է սկսել VERNATOUN powered by Keron-ը։ Այն տեղակայված է Երևանի առաջին քարաշեն բնակելի տներից մեկում, որը կառուցվել է 1902 թվականին ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով և այսօր ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում։ Առանձնատան պահպանված որմնանկարները և սալիկապատ բուխարիները ոչ միայն ճարտարապետական արժեք են ներկայացնում, այլև ստեղծում են այն մթնոլորտը, որտեղ պատմությունը դառնում է կենդանի ներկայություն։
«Կերոն»-ի «Վերնատուն»-ը մտավորական ակումբների հայկական ավանդույթի ժամանակակից վերաիմաստավորումն է։ Այն փակ, միայն անդամների համար նախատեսված տարածք է, որտեղ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդիպում են իրական նշանակություն ունեցող գաղափարներ ձևավորելու համար։ Նախագծի գաղափարական հիմքում ինչպես հայկական, այնպես էլ միջազգային ակումբային մշակույթի պատմական օրինակներն են։

Այս գաղափարի ակունքներում կանգնած է Հավհանես Թումանյանի հիմնադրած «Վերնատուն»-ը, որը 1899 թվականին ձևավորվեց նրա թիֆլիսյան տան վերնահարկում։ Այն դարձավ հայ մտավոր կյանքի խորհրդանիշ՝ վայր, որտեղ հավաքվում էին ժամանակի մեծերը՝ գաղափարներ փոխանակելու, ընթերցելու, բանավիճելու և հայրենիքի, արվեստի ու գրականության շուրջ զրուցելու համար։ Հիմնադիր անդամների թվում էին Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը և Ղազարոս Աղայանը։ Նրանց կանոնավոր հանդիպումները ձևավորեցին ամբողջ մի մշակութային դարաշրջան։
Պատմական հիշողության շերտը շարունակվում է նաև Երևանի Աֆրիկյանների ակումբի օրինակով, որը կառուցվել էր 19-րդ դարի վերջին մեծահարուստ Աֆրիկյան եղբայրների կողմից։ Այն ժամանակ այստեղ հավաքվում էին արվեստի և քաղաքական գործիչներ, գործարարներ և հայտնի երևանցիներ՝ սուրճի շուրջ քննարկելով հասարակական և քաղաքական հարցեր։ Այս պատմական նախադեպերը «Կերոն»-ի «Վերնատան» գաղափարական միջուկի մաս են կազմում։

Նոր «Վերնատուն»-ը մեկ հարկի տակ միավորում է մարդկանց, ովքեր հավատում են երկխոսության ուժին, ընդհանուր արժեքներին և նպատակային գործողություններին։ Այստեղ մարդկանց միավորում են ոչ թե կոչումները, այլ տեսլականը, արժեքները և ներդրումը։ Սա համայնք է, որը համախմբում է նախաձեռնող և ոչ անտարբեր անհատներին՝ յուրօրինակ փորձառությունների, զրույցների և գաղափարների շուրջ։
«Վերնատան» օրակարգը ձևավորվում է հատուկ միջոցառումների, մտերմիկ հանդիպումների և անդամների նախաձեռնությունների շուրջ։ Գործունեության հիմքում առաջնահերթ է իմաստալից մասնակցությունը, այլ ոչ թե միջոցառումների մասշտաբը։ Ժամանակ առ ժամանակ միջոցառումները կկազմակերպվեն նաև հեռավար կամ համակցված ձևաչափերով՝ կապելով աշխարհասփյուռ անդամներին։

Գործունեությունը կառուցվում է երեք հիմնական գաղափարական ուղղությունների շուրջ։ Առաջինը զրույցներն ու քննարկումներն են՝ սրահային հավաքներ, բանավեճեր, ընթրիքներ և մտքերի փոխանակման ձևաչափեր, որոնք միավորում են մտածող և ստեղծարար մարդկանց։ Երկրորդը մշակույթն ու փորձառությունն են՝ երաժշտական երեկոներ, գրական ընթերցումներ, կատարողական արվեստի միջոցառումներ, որոնք Հայաստանի ստեղծարար ներուժը կապում են համաշխարհային մշակութային հոսքերի հետ։ Երրորդ ուղղությունը համայնքն ու պատկանելությունն է՝ անդամների նախաձեռնած հանդիպումներ, սուրճի ժամեր, արտագնա հավաքներ, որոնք ամրապնդում են վստահությունն ու կապը՝ «Վերնատուն»-ը պահելով կենդանի որպես համայնք, ոչ թե պարզապես տարածք։
«Վերնատան» սենյակները կրում են պատմական Vernatun-ի անդամների անունները՝ խորհրդանշական շարունակականությամբ։
«Թումանյան» սրահը հիմնական միջոցառումների տարածքն է՝ նախատեսված երեկոների, մշակութային ներկայացումների և ընդունելությունների համար։
«Աղայան» սրահը հանգստի գոտի և բար է՝ ոչ պաշտոնական հանդիպումների և երեկոյան զրույցների միջավայր։
«Դեմիրճյան» սրահը առանձնասենյակ է ցերեկային աշխատանքի, սեմինարների և թեմատիկ քննարկումների համար։
«Շանթ» սրահը նախատեսված է փակ հանդիպումների, մենթորական դասերի և անհատական խորհրդատվությունների համար։
«Իսահակյան» բաց պատշգամբը, հանգիստ տարածք է սուրճի ժամերի և փոքր հավաքույթների համար։

Այս անվանումները ոչ միայն հարգանքի տուրք են պատմությանը, այլև արժեքային ուղերձ՝ հիշեցնելով, որ մտավոր երկխոսությունը միշտ ձևավորվել է անհատական պատասխանատվության և համատեղ մտածողության հիման վրա։
Հայաստանում նման կառուցվածքային, անդամակցային ակումբային մոդել գործնականում չի ձևավորվել։ Թեև Երևանում կան բարձրակարգ ռեստորաններ և մշակութային սրահներ, «Վերնատան» նման փակ, արժեքահեն համայնքային հարթակը նոր երևույթ է։
Հենց այդ պատճառով «Կերոն»-ի «Վերնատուն»-ը կարելի է դիտարկել ոչ թե պարզապես նոր նախաձեռնություն, այլ ձևաչափային փոփոխություն։
Այն առաջարկում է այլ տրամաբանություն՝ հարաբերության, պատկանելության և ներգրավվածության։ Եվ եթե այս մոդելը կայանա, ապա այն կարող է ազդել ոչ միայն մշակութային կյանքի, այլև հյուրընկալության ոլորտի ապագա զարգացման վրա։

