New
Շեյխա Նասեր Ալ Նոյիսը կդառնա ՄԱԿ Զբոսաշրջության գլխավոր քարտուղարը

Շեյխա Նասեր Ալ Նոյիսը կդառնա ՄԱԿ Զբոսաշրջության գլխավոր քարտուղարը

Շեյխա Նասեր Ալ Նոյիսը պաշտոնապես կստանձնի ՄԱԿ Զբոսաշրջության (UN Tourism) Գլխավոր քարտուղարի պաշտոնը 2026 թվականի հունվարի 1-ին, դառնալով առաջին կինը, որը երբևէ ղեկավարել է այս կազմակերպությունը։

Այս նշանակումը կատարվել է ՄԱԿ Զբոսաշրջության գլխավոր ասամբլեայի 26-րդ նիստի ընթացքում, որը ներկայում անցկացվում է Սաուդյան Արաբիայի Էր-Ռիյադ քաղաքում։ Նա կփոխարինի Զուրաբ Պոլոլիկաշվիլին, որը զբաղեցրել էր այդ պաշտոնը երկու անընդմեջ ժամկետներով՝ սկսած 2018 թվականից։ Նրա գործունեության շրջանը նշանավորվել է ինչպես հավակնոտ բարեփոխումներով, այնպես էլ որոշ հակասություններով՝ կապված կառավարման թափանցիկության և ներքին քաղաքական դաշտի հետ։

Շեյխա Ալ Նոյիսի ընտրությունը՝ որը կատարվել է ակլամացիայով, ոչ թե քվեարկությամբ, ընդունվել է որպես միասնության պահ կազմակերպության ներսում՝ երկար տարիների տարաձայնություններից հետո։ Ասամբլեային մասնակցած դիվանագետները նշել են, որ այս որոշումը պատմական նշանակություն ունի՝ ընդգծելով կանանց դերակատարությունը միջազգային կառավարման համակարգում։


Իր ելույթում Շեյխա Ալ Նոյիսը նշել է․

«Սա հաղթանակ է բոլորիս համար։ Այն արտացոլում է մեր ընդհանուր տեսլականը՝ ավելի ուժեղ, ավելի կապակցված և ավելի մարդկային զբոսաշրջային աշխարհի համար։ Մենք միասին ենք մարմնավորում միլիոնավոր մարդկանց հույսերը, որոնց կյանքը կապված է այս ոլորտի հետ։ Զբոսաշրջությունը, իր լավագույն դրսևորումներում, կարող է բարձրացնել ազգերի կենսամակարդակը և միավորել մարդկությանը»։


Իր ծրագրային ելույթում նա որպես հիմնական առաջնահերթություններ առանձնացրել է․

«
Պատասխանատու զբոսաշրջություն, կարողությունների զարգացում, տեխնոլոգիաներ ի բարին, նորարարական ֆինանսավորում և խելամիտ կառավարում»։

Շեյխա Նասեր Ալ Նոյիսը
հայտնի է ամբողջ Մերձավոր Արևելքում՝ զբոսաշրջության, ներդրումների և կայուն զարգացման ոլորտներում իր առաջնորդությամբ։ Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Rotana Hotel Management Corporation ընկերությունում՝ տարածաշրջանի առաջատար հյուրանոցային ցանցերից մեկում, որը պատկանում է իր ընտանիքին։ Նա ակտիվորեն աջակցել է կայուն զբոսաշրջության զարգացմանը, երիտասարդների հզորացմանը և մշակութային ժառանգության պահպանությանը։

Մասնագետների գնահատմամբ՝ նրա պաշտոնավարումն առանձնանալու է կայունության, նորարարության և ընդգրկունության ուղղությամբ ձեռնարկվող նախաձեռնություններով, ինչպես նաև Մերձավոր Արևելքի աճող ազդեցության ամրապնդմամբ՝ համաշխարհային զբոսաշրջության քաղաքականությունում։

Սաուդյան Արաբիայի Էր-Ռիյադ քաղաքում անցկացվող ՄԱԿ Զբոսաշրջության գլխավոր ասամբլեայի 26-րդ նիստի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսի հետ։

Քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Նախարար Գևորգ Պապոյանը շեշտել է, որ զբոսաշրջությունը մեր երկրի տնտեսական առաջընթացի առանցքային ուղղություններից է, որի զարգացման համար իրականացվում են նպատակային քայլեր։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում զբոսաշրջային կլաստերների զարգացմանը և դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի շարունակական աճին։ Գևորգ Պապոյանը հույս է հայտնել, որ Շեյխա Ալ Նոյիսի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և ՄԱԿ Զբոսաշրջության միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և ամրապնդվել։

Comments are closed.