Ամերիկյան շոկոլադագործության ամենահայտնի անուններից մեկը՝ See’s Candies-ը, պաշտոնապես մուտք գործեց Հայաստան։ Բրենդի նորաբաց խանութը գործում է Երևանի կենտրոնում՝ Իտալիա փողոց 1 հասցեում, Best Western Plus Congress Hotel համալիրում, դառնալով ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Եվրոպայի առաջին (ֆլագշիփ) խանութը։

Ավանդույթ, որ ծնվել է Լոս Անջելեսում
See’s Candies-ի պատմությունը սկսվում է դեռևս 1921 թվականին։ Ամերիկյան քաղցրավենիքի պատմության մեջ առանձնահատուկ էջ բացեց Մերի Սիի և նրա որդի Չարլզի համարձակ քայլը․ նրանք Լոս Անջելեսում բացեցին իրենց առաջին խանութը՝ օգտագործելով Մերի Սիի տան բաղադրատոմսերը։ Սպիտակ ու սև գույներով զարդարված խանութը դարձավ ոչ միայն վաճառքի վայր, այլև վստահության խորհրդանիշ։

Բրենդի յուրահատկությունը հենց այս սկզբունքով է ձևավորվել․ ձեռագործ կոնֆետներ, մաքուր բաղադրիչներ և համերի հավասարակշռվածություն։ Միևնույն ժամանակ See’s Candies-ը առաջիններից էր, որ շոկոլադը ներկայացրեց ոչ միայն որպես քաղցրավենիք, այլև որպես նվերի մշակույթ։ Ամերիկյան տոները հաճախ առանց See’s տուփերի անպատկերացնելի էին։ Ավելի քան մեկ դար շարունակ բրենդը հավատարիմ է իր կարգախոսին՝ «Quality Without Compromise» («Որակ՝ առանց փոխզիջումների»), դառնալով ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում սիրելի ու վստահելի ապրանքանիշ։

Այսուհետ հայ սպառողը նույնպես կարող է Հայաստանում փորձել ինչպես բրենդի դասական հավաքածուները, այնպես էլ նորարարական համերը՝ ներառյալ ամսական փոփոխվող հատուկ ընտրանիները։ Երևանի խանութը միայն առաջին քայլն է․ ընկերությունը նախատեսում է ապագայում ընդլայնել իր ներկայությունը Հայաստանում՝ հասանելի դարձնելով ամերիկյան շոկոլադագործության իսկական դասականը ավելի լայն լսարանին։

