WHERETOEAT (WTE) միջազգային ռեստորանային մրցանակաբաշխության 2026 թվականի արդյունքներով Հայաստանում տարվա լավագույն ռեստորան է ճանաչվել Renommee բարձր հեղինակային խոհանոցով ռեստորանը, իսկ «Տարվա շեֆ-խոհարար» հատուկ անվանակարգում հաղթող է ճանաչվել Renommee-ի շեֆ-խոհարար, Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիայի ուսումնական ծրագրերի ղեկավար Կարեն Խաչատրյանը։
WHERE TO EAT մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2013 թվականին Ռուսաստանի գաստրոնոմիական լրագրողների ասոցիացիայի կողմից։ Այն իրենից ներկայացնում է լավագույն ռեստորանների և շեֆ-խոհարարների տարեկան վարկանիշային ցանկեր, որոնք ձևավորվում են փորձագիտական լայն կոլեգիայի գաղտնի քվեարկության արդյունքում։

Քվեարկությանը մասնակցում են ռեստորանային, հյուրանոցային և գինու ոլորտի մասնագետներ, ինչպես նաև մասնագիտացված մամուլի ներկայացուցիչներ՝ մարդիկ, ովքեր մասնագիտական տեսանկյունից գնահատում են շուկայի ներկա վիճակը։
Վերջին տարիներին մրցանակաբաշխությունը ընդլայնել է իր աշխարհագրությունը և ներկայացվում է նաև մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։


Renommee-ի գործունեությունը վերջին տարիներին ձևավորել է նոր չափանիշներ հայկական բարձր խոհանոցի համար։ Ռեստորանը 2021 թվականից ակտիվորեն ներկայանում է միջազգային մասնագիտական հարթակներում՝ աստիճանաբար ամրապնդելով Հայաստանի դիրքը ժամանակակից գաստրոնոմիական քարտեզում։ Renommee-ի հաջողությունը ցույց է տալիս նախագծի կայացածությունն ու գաղափարական ամբողջականությունը։
Այդ նույն համատեքստում առանձնացավ նաև խոհանոցը ղեկավարող անհատը։
«Տարվա շեֆ-խոհարար» անվանակարգում հաղթանակը շնորհվեց Կարեն Խաչատրյանին։
Այս անվանակարգը կենտրոնանում է անհատական մասնագիտական ներդրման վրա՝ գնահատելով շեֆ-խոհարարի տեխնիկական մակարդակը, ստեղծագործական մտածողությունը և ոլորտում ունեցած ազդեցությունը։ Կարեն Խաչատրյանի աշխատանքը Renommee-ում վերջին տարիներին առանձնանում է կառուցվածքային հստակությամբ, դասական հիմքի վրա կառուցված հեղինակային մոտեցմամբ և խոհարարական կրթության ոլորտում ակտիվ ներգրավվածությամբ։

2026 թվականի ընտրության շրջանակում ուժեղ մասնագիտական դաշտ էր ձևավորվել։ Շորթ-լիստում ընդգրկված էին նաև Արա Վանյանը, ով ղեկավարում է Armenia Marriott Hotel Yerevan հյուրանոցի խոհանոցը, Գոռ Վեյշտորտը՝ Երևանի Corpous Gastrobar-ից, Սուսաննա Ղուկասյանը՝ Chinar ռեստորանից, Արա Հովհաննիսյանը՝ Urban Gastro & Wine Bar-ից, ինչպես նաև Յուրի Սարգսյանը, ով ներկայացնում է Սևանի տարածաշրջանում գործող Tsaghkunk Chef House նախագիծը։
Այս կազմը ցույց է տալիս, որ հայկական խոհարարական միջավայրը ներկայումս ձևավորվում է տարբեր ձևաչափերի ներսում՝ հյուրանոցային բարձրակարգ խոհանոցից մինչև անկախ հեղինակային նախագծեր և տարածաշրջանային գաստրոնոմիկ նախաձեռնություններ։

WHERETOEAT ARMENIA 2026-ի արդյունքները ևս մեկ անգամ ընդգծեցին հայկական գաստրո միջավայրի զարգացող և մրցակցային բնույթը։
Շնորհավորում ենք Renommee ռեստորանին՝ առաջին հորիզոնականի համար ինչպես նաևԿարեն Խաչատրյանին «Տարվա շեֆ-խոհարար» կոչման համար։
Մաղթում ենք նոր մասնագիտական ձեռքբերումներ և շարունակական առաջընթաց։

