New
Ի՞նչ ուղղությամբ է շարժվում ոլորտը

Ի՞նչ ուղղությամբ է շարժվում ոլորտը

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց, թե առաջիկա հինգ տարիներին որ ուղղություններով է զարգանալու Հայաստանի զբոսաշրջությունը։ Նրա խոսքով՝ պետությունը անցնում է ավելի հստակ թիրախավորված և կառավարվող զարգացման փուլ։

Առաջնահերթ ուղղություններն են՝
 • պատմամշակութային զբոսաշրջություն
 • գաստրոտուրիզմ (էնոտուրիզմ, հայկական բրենդի միջազգային դիրքավորում)
 • արկածային զբոսաշրջություն
 • MICE զբոսաշրջություն
 • բժշկական զբոսաշրջություն
 • գյուղական և ագրո զբոսաշրջություն
 • կրոնական զբոսաշրջություն

Ասուլիսի ընթացքում նա անդրադարձավ նաև վերջերս Կառավարության կողմից ընդունված կարևոր որոշմանը՝ զբոսաշրջային ոլորտի էլեկտրոնային գրանցամատյանի ներդրմանը։

Հուլիսի 1-ից բոլոր զբոսաշրջային ոլորտի սուբյեկտները՝ հյուրանոցներ, հյուրատներ, զբոսաշրջային օպերատորներ, գործակալներ, գիդեր, ինչպես նաև 9 և ավելի նստատեղ ունեցող ծառայողական ավտոբուսների վարորդները, պարտավոր են notify.travel.gov.am հարթակի միջոցով ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ տվյալները։

Ներբեռնելով իրենց գործառույթին վերաբերող տեղեկատվությունը՝ կոմիտեն օրերի ընթացքում ուղարկում է էլեկտրոնային ծանուցում և հավաստագիր, որը փաստում է, որ տվյալ սուբյեկտը գրանցված և ճանաչված է ոլորտի պաշտոնական շտեմարանում։

«Այս ամենը մեզ թույլ կտա ունենալ հստակ տվյալներ։ Մինչ այժմ գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտների վերաբերյալ ամբողջական տվյալների բազա գոյություն չուներ։ Այդ տեղեկատվությունը ստանում էինք ՊԵԿ-ից, Վիճակագրական կոմիտեից, սակայն 21-րդ դարում առանց թվային գործիքների արդյունավետ կառավարումը անհնար է։ Եթե մենք մի երկիր ենք, որը թիրախավորում է MICE զբոսաշրջությունը և պատրաստվում է միաժամանակ ընդունել հազարավոր զբոսաշրջիկների, ապա պետք է հստակ իմանանք՝ քանի 5 աստղանի, քանի 4 աստղանի հյուրանոց ունենք, որքան է մեր մահճակալային ֆոնդը, որ մարզերում են դրանք գտնվում, ինչպես կարելի է այնտեղ հասնել և այլն», նշել է Լուսինե Գևորգյանը։

Հայաստանի զբոսաշրջային ոլորտը երկար տարիներ զարգացել է բնական ընթացքով՝ հիմնվելով մեր մշակույթի, խոհանոցի, գինեգործության և մարդկային ջերմության վրա։ Սակայն ժամանակակից աշխարհում միայն բովանդակությունը բավարար չէ։ Անհրաժեշտ է համակարգ, հաշվառում և տվյալահեն կառավարում։

Միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը կարող է դառնալ այն գործիքը, որը վերջապես կձևավորի ոլորտի իրական քարտեզը։ Առանց հստակ տվյալների անհնար է խոսել լուրջ զարգացման մասին, անհնար է վստահություն ներշնչել միջազգային կազմակերպիչներին և ներդրողներին։ Սա հնարավորություն է՝ ոլորտը դուրս բերելու մասնատված տեղեկատվության դաշտից և ձևավորելու միասնական, թափանցիկ և հաշվետու համակարգ։

Միևնույն ժամանակ կարևոր է, որ հավաստագրումը չդառնա ձևական գործընթաց։ Տվյալների հավաքագրումը պետք է օգտագործվի վերլուծության և ռազմավարական պլանավորման համար, այլ ոչ թե մնա միայն վարչարարական հաշվետվության մակարդակում։

Եթե համակարգը գործի արդյունավետ, ապա սա կարող է դառնալ ոչ թե պարզապես վարչարարական քայլ, այլ Հայաստանի զբոսաշրջության կառավարման որակական նոր փուլ։

Comments are closed.