New
Վրաստանը 2026 թվականից պարտադիր դարձնում է բժշկական ապահովագրությունը զբոսաշրջիկների համար

Վրաստանը 2026 թվականից պարտադիր դարձնում է բժշկական ապահովագրությունը զբոսաշրջիկների համար

2026 թվականի հունվարի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտնում նոր կարգավորում, ըստ որի՝ երկրի տարածք մուտք գործող բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտադիր պետք է ներկայացնեն բժշկական ապահովագրության գործող պոլիս։ Պահանջը հաստատվել է Վրաստանի խորհրդարանի կողմից՝ «Տուրիզմի մասին» օրենքում իրականացված փոփոխությունների միջոցով։

Նոր կարգավորմամբ՝ մուտքի պահին Վրաստանի սահմանապահ ծառայությունները իրավասու են պահանջելու ապահովագրական պոլիս, որն ուժի մեջ է հենց սահմանը հատելու պահից և գործում է այցի ամբողջ ընթացքում։ Առանց գործող բժշկական ապահովագրության մուտքը կարող է կանխվել, իսկ դրա բացակայության դեպքում սահմանվում է 300 լարիի (մոտ 110 ԱՄՆ դոլար) վարչական տուգանք։

Ապահովագրության պոլիսի ծածկույթը պետք է ներառի արտակարգ ամբուլատոր բուժօգնություն առնվազն 5000 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև ստացիոնար բուժում՝ առնվազն 30 000 ԱՄՆ դոլարի ծախսային սահմանով։ Այս պահանջը վերաբերում է ինչպես հանկարծակի հիվանդություններին և վնասվածքներին, այնպես էլ հնարավոր բժշկական տեղափոխմանը։ Վրաստանը ճանաչում է պաշտոնապես լիցենզավորված ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրված պոլիսները, որոնք կարող են կազմվել հայերեն, անգլերեն, ռուսերեն կամ վրացերեն լեզուներով։

Կարգավորումը հիմնականում նախատեսված է ինքնուրույն ճանապարհորդող այցելուների համար, քանի որ տուրիստական կազմակերպությունները օրենքով պարտավոր են ապահովագրություն տրամադրել իրենց հաճախորդներին։ Ապահովագրական փաստաթուղթ կարելի է ձեռք բերել ցանկացած վստահելի ապահովագրական ընկերությունից՝ անկախ այցի նպատակից կամ տևողությունից։

Նոր պահանջը միտված է բարձրացնելու զբոսաշրջիկների անվտանգությունն ու ապահովելու արտակարգ բժշկական իրավիճակներում առողջապահական համակարգի կայուն աշխատանքը։

Comments are closed.