Tesla-ն պատրաստվում է վերաիմաստավորել մի պարզ արտահայտություն՝ «կանգ առ լիցքավորման համար»: Հոլիվուդի սրտում կառուցվող նոր նախագիծը՝ ռեստորան–ավտոկինոթատրոն–լիցքավորման կենտրոն, խոստանում է վերածվել ոչ միայն տեխնոլոգիական կենտրոնի, այլև սոցիալական, ժամանցային ու գաստրոնոմիական հարթակի։ Այս նախագիծը հենց այն դեպքն է, երբ ճամփորդությունը վերածվում է փորձառության, իսկ էլեկտրական մեքենան՝ պատրվակի լավ ժամանակ անցկացնելու համար։
Երբ ռեստորան կառուցելն ավելի բարդ է, քան տիեզերանավ))

Թեև այժմ արդեն նախագիծն ակտիվ փուլում է, իրականում այն ունի երկար և երբեմն քաոսային պատմություն։ Առաջին անգամ Tesla-ի ռեստորանի գաղափարը շրջանառվում էր դեռ 2017-ին, երբ Մասկը թվիթերում ակնարկեց դրա մասին։ Բայց նախագիծը տարիներ շարունակ ձգձգվում էր՝ ոչ միայն տեխնիկական, այլև մարդկային խնդիրների պատճառով։ Երկար ժամանակ խոսվում էր, որ ընկերությունը պարզապես չի կարողանում գտնել շեֆ-խոհարար, որը կհամապատասխանի նախագծի կարգավիճակին և Մասկի երևակայությանը։ Ոմանք հրաժարվել են՝ տեսնելով, թե ինչ «էքսցենտրիկ» է Մասկը, իսկ ոմանք էլ դարձել են խոհարարական համայնքի կոշտ քննադատության թիրախ՝ Tesla-ի հետ համագործակցության փորձից հետո։ Այդպես տարիներ շարունակ նախագիծը գոյություն ուներ ավելի շատ ասեկոսեների ու մեմերի մակարդակով։

Բայց հիմա՝ արդեն 2025 թվականին, Tesla-ն վերջապես շարժվում է հստակ ուղղությամբ։ Նոր ռեստորանը գտնվում է Սանտա Մոնիկա բուլվարում՝ 7001 հասցեում։ Ճարտարապետական լուծումները ոգեշնչված են 1950-ականների ոճով՝ փայլուն մետաղ, կոր ձևեր, լայն վերնաշենքեր։ Բացվելուց հետո այն կգործի 24/7։
Մեքենան կանգ է առնում Supercharger-ի մոտ՝ դուք ներսում նայում եք ֆիլմ կամ ընթրում, առանց նույնիսկ մեքենայից իջնելու։ Ռեստորանը համալրված կլինի ավտոկինոթատրոնով և տարածքներով, որտեղ կարելի է ուտել թե՛ մեքենայի ներսում, թե՛ դրսում։ Tesla-ն, փաստացի, չի «հորինում» ոչ ռեստորանը, ոչ կինոթատրոնը, ոչ էլ լիցքավորման կայանը։ Բայց միավորում է այս երեքը մի պատմության մեջ, որում գլխավոր դերակատարն ինքը՝ բրենդն է։ Թեև մենյուն դեռևս գաղտնի է պահվում, նախագծին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ ներգրավվել են հայտնի շեֆ-խոհարարներ՝ մշակելու յուրահատուկ ու ժամանակակից մենյու։ Սա խոսում է ոչ թե պարզապես սննդի, այլ գաստրո-փորձառության մասին։

Լիցքավորման կայանները աշխատելու են արևային էներգիայով։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ լիցքավորման պրոցեսը ներկայացվում է ոչ թե որպես սպասում, այլ որպես հաճույք։ Ռեստորանային այս մոդելը կարող է դառնալ օրինակ՝ աշխարհի այլ քաղաքներում նման համալիրների կառուցման համար։
Արդյոք սա նոր ստանդա՞րտ է լինելու ճանապարհորդության համար։ Գուցե։ Քանի որ Tesla-ն չի փորձում ընդամենը նոր լիցքավորման կայան առաջարկել։ Նա փորձում է փոխել մեր պատկերացումները շարժման, կանգառի և նույնիսկ ճաշի վերաբերյալ։ Եվ հենց այստեղ HoReCa ոլորտն ու տեխնոլոգիան միաձուլվում են՝ առաջ բերելով հարթակ, որտեղ լիցքավորվում են թե՛ մեքենաները, թե՛ մարդիկ։
Leave a Reply