New
Gulfood 2026․ Դուբայը՝ համաշխարհային սննդի ինդուստրիայի կենտրոնում

Gulfood 2026․ Դուբայը՝ համաշխարհային սննդի ինդուստրիայի կենտրոնում

Այս օրերին (հունվարի 26-ից 30-ը) Դուբայում ընթանում է աշխարհի ամենախոշոր և ամենաազդեցիկ գաստրոնոմիական ցուցահանդեսներից մեկը՝ Gulfood 2026 միջազգային ցուցահանդեսը։ Ամեն տարի այն միավորում է սննդի, ըմպելիքների և ռեստորանային բիզնեսի ոլորտի առաջատար ընկերություններին, արտադրողներին, ներմուծողներին, արտահանողներին, հյուրանոցային ցանցերին և HoReCa ոլորտի մասնագետներին՝ ստեղծելով գլոբալ բիզնես միջավայր։

Gulfood-ը վաղուց դադարել է լինել պարզապես HoReCa ցուցահանդես—միջոցառում։ Այն դարձել է այնպիսի հարթակ, որտեղ ձևավորվում են ոլորտի զարգացման ուղղությունները, քննարկվում են միջազգային շուկայի միտումները, ծնվում են նոր բրենդներ և կնքվում են խոշոր գործարար համագործակցություններ։ Շատ ընկերությունների համար Gulfood-ը առաջին քայլն է դեպի միջազգային շուկաներ և լայն ճանաչում։

Ցուցահանդեսի պատմությունը սկսվում է 1987 թվականից։ Այդ ժամանակից ի վեր այն անցկացվում է ամեն տարի՝ գրեթե չորս տասնամյակ շարունակ, և յուրաքանչյուր նոր ցուցահանդես ընդլայնում է իր ազդեցությունն ու մասշտաբները։ Տարիների ընթացքում Gulfood-ը փոքր տարածաշրջանային միջոցառումից վերածվել է համաշխարհային հարթակի, որը իրական ազդեցություն ունի սննդի և ըմպելիքների գլոբալ շուկայի վրա։

Այս տարվա Gulfood-ը առանձնահատուկ է նաև կազմակերպչական մասշտաբով։ Առաջին անգամ իր պատմության մեջ ցուցահանդեսը միաժամանակ անցկացվում է երկու խոշոր ցուցահանդեսային կենտրոններում՝ Dubai World Trade Centre-ում և Dubai Exhibition Centre-ում, որը գտնվում է Expo City Dubai-ում։ Սա հնարավորություն է տալիս ներկայացնել ոլորտի գրեթե ամբողջ սպեկտրը մեկ ընդհանուր հարթակում և ընդգծում է միջոցառման աննախադեպ աճը։

2026 թվականին Gulfood-ին մասնակցում են ավելի քան 8 500 ընկերություններ՝ աշխարհի շուրջ 195 երկրներից։ Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվում է մոտ 1,5 միլիոն տարբեր արտադրանք՝ սկսած հումքից և սննդային բաղադրիչներից մինչև պատրաստի ապրանքներ, ըմպելիքներ, նորարարական տեխնոլոգիաներ և բիզնես լուծումներ։ Այսպիսի ընդգրկումը Gulfood-ը դարձնում է ոչ միայն ամենախոշոր, այլ նաև ամենաբազմազան մասնագիտական հարթակներից մեկը սննդի ոլորտում։

Այս օրերին Դուբայում կարելի է տեսնել համաշխարհային սննդի ինդուստրիայի ամբողջ քարտեզը մեկ վայրում։ Այստեղ ներկայացված են ինչպես միջազգային խոշոր կորպորացիաներ, այնպես էլ փոքր արտադրողներ, նորաստեղծ ստարտափներ և ազգային տաղավարներ տարբեր երկրներից։ Gulfood-ը թույլ է տալիս ոչ միայն ծանոթանալ նոր ապրանքների հետ, այլ նաև հասկանալ, թե ուր է շարժվում համաշխարհային գաստրոնոմիան՝ առողջ սնունդ, կայուն արտադրություն, տեխնոլոգիական լուծումներ և սպառողի վարքագծի փոփոխություն։

Comments are closed.