Նոր տարի, նոր սկիզբ, և շատերի համար դա հնարավորություն է վերագնահատելու իր օրգանիզմի առողջությունը և խմիչքի նկատմամբ սովորությունները։ Այսպես է առաջացել «Dry January» ավանդույթը՝ ամբողջ հունվար ամիսը առանց ալկոհոլի անցկացնելու պրակտիկա, որը համարվում է առողջ ապրելակերպի, գաստրոնոմիկ փորձերի և հոգեբանական վերականգնման կարևոր միջոց։
«Dry January»-ի գաղափարը ձևավորվել է Մեծ Բրիտանիայում 2013 թվականին՝ Alcohol Change UK կազմակերպության նախաձեռնությամբ։ Այս կազմակերպությունը նպատակ էր դրել մի պարզ, բայց արդյունավետ ուղերձ փոխանցել՝ կանխել Նոր Տարվա տոնական շրջանում ալկոհոլի չափազանց սպառումը և ստեղծել հնարավորություն վերականգնման, ինքնագիտակցության և մարմնի մաքրության համար։

Այս ավանդույթը արագ տարածվել է այլ երկրներում՝ ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Գերմանիա, Նիդերլանդներ և Շվեդիա։ ԱՄՆ-ում մեծահասակ բնակչության մոտ մեկ հինգերորդը մասնակցում է Dry January-ին, որոշ մարդիկ դա անում են առողջության համար, որոշները՝ որպես տարբերակ իրենց ընտանեկան կամ սոցիալական խոստումների իրականացման համար, իսկ մյուսները պարզապես ուզում են փոխել սեփական հարաբերությունը ալկոհոլի հետ։
Օրգանիզմի համար մեկ ամիս շարունակ առանց ալկոհոլ անցկացնելու փորձը հնարավորություն է տալիս՝
• բարելավել լյարդի գործառույթը և մարսողությունը,
• բարձրացնել օրգանիզմի էներգետիկ պոտենցիալը,
• կարգավորել քնի ու հանգստի պրոցեսները,
• վերահսկել ալկոհոլի սպառման սովորությունները և սոցիալական հակումները։
Նման փորձերը նաև հնարավորություն են տալիս մարդկանց գնահատել իրենց հարաբերությունները ալկոհոլի հետ, ինչպես ասում է Գլենն-Միլո Սանտոսը, Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, ով ուսումնասիրում է ալկոհոլի սպառման և դրա ազդեցության մեթոդները․ «Որոշ մարդիկ հայտնում են, որ նման շրջանն օգնում է ավելի լավ հասկանալ իրենց վարքագիծը և տեսնել, ինչպես է ալկոհոլը ազդել իրենց կյանքի տարբեր ոլորտներում»։

Քանի որ ամիսը մեծ մասամբ տևում է միայն 30 օր, դա չի լուծում ալկոհոլային կախվածության խնդիրները, բայց, ինչպես նշում է Կիտ Համֆրիզը, Ստենֆորդի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր, այն թույլ է տալիս մարդկանց վերահսկել սպառման քանակը, վերականգնել ինքնատիրապետումը և գիտակցաբար մոտենալ խմիչքին։
«Dry January»-ը ավելին է քան պարզապես առանց ալկոհոլի ամիս: Այն հանդիսանում է առողջության խթանման, հոգեբանական վերահսկողության և սոցիալական իրազեկվածության միջոց։ Մասնակցելով դրան՝ մարդը ձեռք է բերում ոչ միայն վստահություն և էներգիա, այլև հնարավորություն՝ ավելի գիտակցաբար գնահատել իր հարաբերությունները խմիչքի հետ։

