Հայաստանի գյուղական համայնքների զարգացման համար վերջին երկու տասնամյակներում անգնահատելի աշխատանք իրականացրած COAF-ը (Children of Armenia Fund) հայտարարում է իր հաջորդ մեծ նախագծի մասին՝ SMART Center & Smart Farm Գորիսում։

COAF-ը՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամը, հիմնադրվել է 2003 թվականին Նյու Յորքում և արդեն շուրջ 20 տարի ակտիվորեն գործունեություն է իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում՝ հատկապես գյուղական համայնքներում, իրականացնելով կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր։ Հիմնադրամի նպատակն է ոչ միայն բարելավել երեխաների կյանքը, այլև նրանց տալ ժամանակակից գիտելիքներ և հմտություններ, որոնք կդառնան իրենց համայնքների զարգացման հիմնական շարժիչ ուժը։


COAF-ի հայտնի SMART Center-ը Լոռու մարզի Դեբետ գյուղում բացվել է 2018 թվականին և այսօր ընդունում է հազարավոր երեխաների ու երիտասարդների՝ առաջարկելով անվճար կրթական ծրագրեր:
Հաջորդ SMART կենտրոնը կառուցվելու է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ ներառելով նաև Smart Farm նախագիծը, որը Դեբետի կենտրոնում առկա չէ։

Հայաստանի կառավարությունը որոշմամբ պաշտոնապես 57.7 հեկտար հողատարածք հատկացվեց նախագծին։ Այս տարածքում է, որ կկառուցվեն COAF-ի նոր կրթական և գյուղատնտեսական կենտրոնները։ Նոր կենտրոնում Գորիսի և շրջակա համայնքների երեխաներն ու երիտասարդները հնարավորություն կունենան սովորելու ժամանակակից հմտություններ՝ սկսած օտար լեզուներից և տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև ռոբոտատեխնիկա, արվեստ, ինժեներական մտածողություն ու ձեռներեցություն։

COAF-ի ծրագրերը միշտ առանձնացել են իրենց գործնականությամբ և պրակտիկ կիրառելիությամբ, ինչը կրթությանը տալիս է սիրելու և համայնքին օգտակար լինելու դաստիարակություն։ Միևնույն ժամանակ, Smart Farm-ը կենտրոնանալու է գյուղատնտեսական ոլորտի զարգացման և արդիականացման վրա։ Երիտասարդները կսովորեն օրգանական հողագործություն, ժամանակակից ֆերմերային տեխնոլոգիաներ և գյուղատնտեսական բիզնես մոդելներ՝ դարձնելով գյուղատնտեսությունն ավելի գրավիչ և շահութաբեր։



Leave a Reply