Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան-ի Դիլիջանի մասնաճյուղը ներկայանում է նոր հայեցակարգով՝ վերափոխվելով Հայկական տեքստիլի թանգարանի։ Այսպիսով, Դիլիջանում պաշտոնապես մեկնարկում է Հայաստանի առաջին մասնագիտացված տեքստիլի թանգարանի գործունեությունը, որը ներկայացնում է հայկական գեղարվեստական տեքստիլի բազմադարյա ավանդույթներն ու դրանց շարունակական զարգացումը։
Թանգարանի շենքը կառուցվել է 1896 թվականին և ներառված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։ Մինչ վերանորոգումը այն գտնվում էր վթարային վիճակում։ Վերականգնման աշխատանքներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով՝ խիստ պահպանելով պատմական միջավայրի պահպանման մասնագիտական չափանիշները։ Արդյունքում վերականգնվել է ոչ միայն ճարտարապետական արժեք ունեցող կառույցը, այլև ձևավորվել է ժամանակակից թանգարանային միջավայր։

Թանգարանի նորացված և արդիականացված ցուցադրության ձևավորման գործընթացում առանցքային դեր է ունեցել Green Rock հիմնադրամը (Green Rock Foundation)՝ հանդես գալով որպես թանգարանի գործընկեր և բարեկամ։ Հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել է կառուցվածքային և բովանդակային առումով ամբողջական ցուցադրություն, որը հայկական տեքստիլի ժառանգությունը ներկայացնում է ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան ձևաչափով։
Green Rock-ի համար մշակութային ժառանգության պահպանումը միայն անցյալի հանդեպ հարգանք չէ, այլ նաև ներդրում համայնքների կայուն զարգացման մեջ։ Դիլիջանում իրականացվող մշակութային նախաձեռնությունները հիմնադրամի երկարաժամկետ ռազմավարության կարևոր ուղղություններից են, որտեղ մշակույթը դիտարկվում է որպես սոցիալական և տնտեսական զարգացման հենասյուն։

Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է հայկական գորգագործության, կարպետի, ասեղնագործության և ժանյակի տարբեր դպրոցներ, տեխնիկաներ և զարգացման փուլեր։ Հավաքածուն ներառում է թանգարանի ֆոնդային նմուշներ, պետական հավաքածուներից ընտրված աշխատանքներ և մասնավոր հավաքածուների արժեքավոր օրինակներ։
Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Շարամբեյանի Դիլիջանին նվիրված թեմատիկ գեղանկարները, որոնք հանդես են գալիս որպես ժամանակաշրջանի գեղարվեստական վավերագրեր՝ պահպանելով քաղաքի պատմական մթնոլորտն ու գունային միջավայրը։

Թանգարանը նախատեսում է գործել ոչ միայն որպես ցուցադրական տարածք, այլև որպես կենդանի մշակութային հարթակ։ Այստեղ կազմակերպվելու են վարպետաց դասեր, բաց միջոցառումներ, տոնական ծրագրեր, ժողովրդական երգ ու պար, ինչպես նաև կրթական նախաձեռնություններ դպրոցականների, ուսանողների և լայն հանրության համար։ Այս ձևաչափը նպատակ ունի հանրայնացնել ոչ միայն նյութական, այլև ոչ նյութական մշակութային ժառանգությունը։


Նոր մասնագիտացված ցուցադրությունը զգալիորեն բարձրացնում է Դիլիջանի զբոսաշրջային գրավչությունը՝ քաղաքը ներկայացնելով որպես մշակութային և կրթական կարևոր կենտրոն։ Վերականգնված պատմական շենքն ու հստակ կառուցված ցուցադրական համակարգը հնարավորություն են տալիս այցելուներին կարճ ժամանակում ամբողջական պատկերացում կազմել հայկական տեքստիլի հարուստ ժառանգության մասին։
Սա պետական և մասնավոր համագործակցության հաջող օրինակ է, որը ստեղծում է երկարաժամկետ մշակութային արժեք և նոր շունչ հաղորդում Դիլիջանի մշակութային կյանքին։

