Հայաստանը այս տարի կրկին հաստատեց իր աճող հեղինակությունն ու մրցունակությունը համաշխարհային զբոսաշրջության քարտեզում՝ ներկայացնելով իր պատմական հարուստ ժառանգությունը, մշակութային բազմազանությունը եւ զարգացող հյուրընկալության ավանդույթները՝ Qatar Travel Mart 2025-ում։ Այս ցուցադրությունը դարձավ այն հարթակը, որտեղ մեր երկիրը ոչ միայն ներկայացավ նոր թափով, այլեւ արձանագրեց միջազգային հետաքրքրության եւ վստահության զգալի աճ։

Դոհայի Exhibition and Convention Center-ում կայացած ցուցահանդեսի բացմանը՝ բարձր մակարդակի հյուրերի ներկայությամբ, առանձնահատուկ ուշադրություն էր գրավում Հայաստանի գեղեցիկ ու ընդարձակ տաղավարը։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Qatar Tribune օրաթերթին տված իր բացառիկ հարցազրույցում ընդգծել է, որ Հայաստանի մասնակցությունը QTM-ին հաջորդեց մայիսին կատարած պաշտոնական այցի հաջողություններին, որոնց արդյունքում ձևավորվեցին արդյունավետ կապեր և համագործակցություն Քաթարցի գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ Հայաստանը «վերադարձել է» իր ամբողջ հմայքով ու մեծ ներկայացվածությամբ՝ դիրքավորվելով որպես վստահելի և հետաքրքիր ուղղություն զբոսաշրջիկների համար։


Գևորգյանը կարևորել է, որ հայկական տաղավարը միաժամանակ ներկայացնում է մշակույթի, ազգային ավանդույթների և գաստրոնոմիայի ամբողջական պատկերը՝ հնարավորություն տալով այցելուներին շնչել ու զգալ հայկական ջերմությունն ու հյուրնկալությունը։ Նա առանձնահատուկ շեշտել է հայկական խոհանոցի առանձնահատկությունները՝ անվանելով այն «շատ համեղ եւ շատ տարբերվող», ինչը միջազգային զբոսաշրջիկների համար բացում է նոր հմայիչ փորձառությունների աշխարհ։
Հարաբերությունների խորացման և տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն Դոհա–Երևան ուղիղ չվերթները, որոնք, Գևորգյանի խոսքով, ապահովում են կայուն հենակետ համագործակցության համար։ Այսօր ռազմավարական նպատակն է ոչ միայն ապահովել ուղիղ և հարմարավետ չվերթներ Դոհայի ու Երևանի միջև, այլև երկու քաղաքները ներկայացնել որպես ինքնուրույն զբոսաշրջային ուղղություններ։ Հայաստանը հանդես է գալիս որպես ամբողջ տարվա ընթացքում գրավիչ երկիր՝ ձմռանը առաջարկելով լեռնադահուկային հանգիստ, իսկ ամռանը՝ արկածային տուրիզմ և անտառներով հարուստ լեռնային տարածքներ․

Հայաստանը QTM 2025–ին մասնակցում էր շուրջ 20 հոգանոց պատվիրակությամբ, որի կազմում էին Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները և մասնավոր սեկտորի վեց ընկերություններ՝ հյուրանոցներ, տրանսպորտային ծառայություններ և տուրօպերատորներ։ Կատարված B2B հանդիպումները ցույց տվեցին քաթարցի գործընկերների և բիզնես ոլորտի մեծ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչը վստահ հիմք է հետագա աճի համար։

Լուսինե Գևորգյանի ուղերձը պարզ ու հստակ էր՝ Հայաստանը բաց է Քաթարի զբոսաշրջիկների համար և պատրաստ է ցույց տալ մի աշխարհ, որտեղ հնագույն մշակույթը ներդաշնակվում է ժամանակակից հարմարավետության հետ։ QTM 2025-ը դարձավ Հայաստանի համար նոր խթան՝ շարունակելու ամրապնդել իր դիրքերը Մերձավոր Արևելքի շուկայում և բացելու նոր դռներ միջազգային համագործակցության համար։


