New
Հայաստանը Wine Paris 2026-ում․ հայկական գինին՝ համաշխարհային ուշադրության կենտրոնում

Հայաստանը Wine Paris 2026-ում․ հայկական գինին՝ համաշխարհային ուշադրության կենտրոնում

Հայաստանի գինեգործությունը շարունակում է իր կայուն և մտածված ներկայությունը միջազգային ամենահեղինակավոր հարթակներում՝ հերթական անգամ շեշտելով երկրի բացառիկ տեղը համաշխարհային գինու մշակույթում։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ հայկական գինեգործական 23 ընկերություն այս տարի ևս կմասնակցի գինեգործության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային միջոցառումներից մեկին՝ Wine Paris ցուցահանդեսին։

Փետրվարի 9-11-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք Wine Paris-ը համարվում է համաշխարհային գինեգործական օրացույցի առանցքային իրադարձություններից մեկը։ Այն միավորում է աշխարհի առաջատար գինեգործներին, ներմուծողներին, սոմելիեներին, փորձագետներին և ոլորտային լրատվամիջոցներին՝ ստեղծելով ոչ միայն առևտրային, այլև բովանդակային և գաղափարական երկխոսության հարթակ։ Հայաստանի գինի արտադրող ընկերությունները ցուցահանդեսին կներկայանան ազգային միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական արտադրության շուրջ 230 տեսակ գինի։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը ընդգծել է միջոցառման ռազմավարական նշանակությունը հայկական գինեգործության համար։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյան

«Սա լավ հնարավորություն է ներկայացնելու մեր որակյալ գինիների տեսականին, հասկանալու տվյալ շուկան, գնային քաղաքականությունը։ Հայաստանի գինեգործությունը շատ յուրահատուկ է, տարիներ շարունակ չենք կորցրել մեր սորտային առանձնահատկությունը, դրանով մենք դառնում ենք հետաքրքիր։ Ուզում ենք միջազգային քարտեզում մեզ դիրքավորել որպես հնագույն գինեգործական երկիր՝ շեշտը դնելով մեր տեղածին սորտերի ու ավանդական տեխնոլոգիաներով պատրաստված որակյալ գինիների վրա», — նշեց Զարուհի Մուրադյանը։

Միջազգային նման հարթակներում Հայաստանի հետևողական ներկայությունը ոչ միայն տնտեսական, այլև մշակութային և պատմական ուղերձ է կրում։ Հայկական գինին ներկայանում է ոչ պարզապես որպես արտադրանք, այլ որպես հազարամյակների ավանդույթների, տեղածին սորտերի և ինքնության արտահայտություն։ Եվ հենց այս համադրությունն է, որ միջազգային շուկայում հայկական գինուն դարձնում է ճանաչելի, պահանջված և մրցունակ

Comments are closed.