New
Apicius Armenia․ միջազգային կրթության նոր հարթակ Հայաստանի հյուրընկալության ոլորտում

Apicius Armenia․ միջազգային կրթության նոր հարթակ Հայաստանի հյուրընկալության ոլորտում

Օրեր առաջ Դիլիջանում բացվեց «Apicius Armenia» հյուրընկալության դպրոցը, որը Հայաստանի համար միայն կրթական նոր կենտրոն չէ․ այն միանշանակ կարելի է համարել շրջադարձային երևույթ մեր հյուրընկալության ոլորտում։

Apicius International School of Hospitality-ն հիմնադրվել է Ֆլորենցիայում դեռևս 1997 թվականին։ Տարիների ընթացքում այն դարձել է համաշխարհային ճանաչում ունեցող կրթական հաստատություն, որը հյուրընկալության և գաստրոնոմիայի ոլորտի ուսուցման մեջ համադրում է երկու առանցքային արժեք՝ ակադեմիական խստապահանջությունը և գործնական փորձը։ Այսօր այն միջազգային բրենդ է, որտեղ սովորում են հարյուրավոր ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից։

Դիլիջանում բացված մասնաճյուղը դառնում է այդ մեծ ընտանիքի մի մասը։ Apicius Armenia-ն շարունակելու է նույն սկզբունքները, ինչ Ֆլորենցիայում գործող գլխավոր դպրոցը։ Դասավանդելու են իտալացի և միջազգային փորձառու դասախոսներ, ովքեր ոչ միայն գիտելիք են փոխանցում, այլև իրական ոլորտային փորձ։ Ուսուցման ծրագրերը կառուցված են այնպես, որ ուսանողները դեռ առաջին իսկ օրվանից գործի մեջ են մտնում․ պրոֆեսիոնալ խոհանոցներ, լաբորատորիաներ, ամեն դասի մեջ ներառված գործնական մոտեցում։ Սա այն կրթական մոդելն է, որն ուսանողին տալիս է ոչ թե միայն տեսական գիտելիքներ, այլ պատրաստում է մասնագետ՝ լիարժեք պատրաստ աշխատանքի։

Կենտրոնի կարևոր առանձնահատկություններից է նաև միջազգային հավատարմագրումը։ Այստեղ ստացված սերտիֆիկատները ճանաչվում են ամբողջ աշխարհում, ինչը նշանակում է, որ Հայաստանից կրթություն ստացած ուսանողները մրցունակ են միջազգային շուկայում։ Բացի այդ, երկու տարվա կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումը շարունակել Իտալիայում՝ Ֆլորենցիայում, ստանալով բակալավրի աստիճան։ Սա ոչ միայն գիտելիքի, այլև մշակութային փոխանակման բացառիկ հնարավորություն է՝ Հայաստանը կապելով համաշխարհային կրթական հարթակների հետ։

Apicius Armenia-ի բացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։ Վերջին տարիներին մեր երկրում հյուրընկալության ոլորտը ակտիվ զարգանում է։ Բայց այս ամենին զուգահեռ ակնհայտ է որակյալ կադրերի պակասը։ Դիլիջանում ստեղծված այս կրթական կենտրոնը դառնալու է այն դարբնոցը, որտեղ կձևավորվեն նոր սերնդի մասնագետներ՝ գիտելիքով, փորձով և միջազգային որակավորումներով զինված։

Armhoreca-ն, որպես ոլորտային հարթակ, կարևորում է նման նախաձեռնությունների գոյությունը։ Մենք վստահ ենք, որ Apicius Armenia-ն ոչ միայն բարձրացնելու է կրթության մակարդակը, այլև ձևավորելու է այն մասնագիտական միջավայրը, որտեղ հայկական ավանդական հյուրասիրությունը կհանդիպի համաշխարհային չափանիշներին։ Սա այն քայլն է, որը մեզ մոտեցնում է այն Հայաստանին, որտեղ հյուրընկալությունը ոչ միայն ազգային հպարտություն է, այլև միջազգային բրենդ։ Բայց ամենակարևորը՝ Apicius Armenia-ն նոր դռներ է բացում մեր երիտասարդների համար։ Այն տալիս է հնարավորություն ոչ միայն սովորելու մասնագիտություն, այլև հետևելու իրենց երազանքներին՝ Հայաստանում ստանալով այնպիսի կրթություն, որը ճանաչված է ամբողջ աշխարհում։ Այսօր Դիլիջանում ձևավորվում է մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր ուսանող կարող է վստահ լինել, որ իր ճանապարհը կարող է տանել դեպի միջազգային բեմ, և որ իր մասնագիտությունը կարող է դառնալ ոչ թե պարզապես աշխատանք, այլ ապագայի իրական կոչում։

Comments are closed.