New
Հայկական պատվիրակությունը ՄԱԿ Զբոսաշրջության միջազգային հարթակում

Հայկական պատվիրակությունը ՄԱԿ Զբոսաշրջության միջազգային հարթակում

Հայաստանի ներկայացուցիչները նոյեմբերին մասնակցեցին ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) 26-րդ Գլխավոր ասամբլեային, որը համարվում է զբոսաշրջության ոլորտի ամենակարևոր միջազգային հարթակներից մեկը։ Ասամբլեայի շրջանակներում քննարկվեցին համաշխարհային զբոսաշրջային օրակարգեր և նոր առաջնահերթություններ սահմանվեցին ոլորտի համար։

Հայկական պատվիրակությանը ներկայացնում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, ՄԱԿ Զբոսաշրջության մշտական ներկայացուցիչ Սոս Ավետիսյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պրոտոկոլի պետ Վրեժ Ֆահրադյանը։

Ասամբլեայի ընթացքում նախարար Պապոյանը հանդես եկավ ելույթով, որի ընթացքում կարևորեց Հայաստանի ներդրումը կայուն, ընդգրկուն և նորարար զբոսաշրջության զարգացման գործում։ Նա ընդգծեց, որ Հայաստան-UNWTO համագործակցությունը շարունակվում է 1997 թվականից, և այս տարիների ընթացքում իրականացված նախաձեռնությունները ուղղված են եղել համայնքների հզորացմանը, մշակութային ժառանգության պահպանմանը և փորձառական զբոսաշրջության խթանմանը։

Այս տարվա ասամբլեան առանձնահատուկ էր նաև այն առումով, որ ընտրվեց նոր գլխավոր քարտուղար՝ Ն.Գ. Շայխա Նասեր Ալ Նաուայսը՝ դառնալով կազմակերպության պատմության առաջին կին գլխավոր քարտուղարը։

ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար՝ Ն.Գ. Շայխա Նասեր Ալ Նաուայս

Ասամբլեայի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցեց մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումների, այդ թվում՝ նոր գլխավոր քարտուղարի, Հունաստանի զբոսաշրջության նախարարի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի և Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռագործների նախարարության ներկայացուցիչների հետ։

Այս միջոցառումները նոր հնարավորություններ են բացում Հայաստանի համար՝ բարձրացնել զբոսաշրջային առաջարկի որակը, խթանել միջազգային համագործակցությունը և ապահովել ոլորտի կայուն ու շարունակական զարգացում։

Նման հարթակներում ներկայությունը կարևոր է Հայաստանի միջազգային դիրքի ամրապնդման և զբոսաշրջության ոլորտում նորարար նախագծերի իրականացման համար։ Հայաստանը ոչ միայն ներկայացնում է սեփական փորձն ու հնարավորությունները, այլև ակտիվորեն ներգրավված է համաշխարհային հարթակում՝ ձևավորելով տրանսմշակութային և տնտեսական կամուրջներ։

Comments are closed.