New
Հայաստանը՝ հնության շունչ և ժամանակակից հյուրընկալություն

Հայաստանը՝ հնության շունչ և ժամանակակից հյուրընկալություն

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ծրագրի շրջանակում Հայաստան այցելած ռուսական հեղինակավ Lenta.ru պարբերականի լրագրողը հրապարակել է ծավալուն հոդված Հայաստանի մասին՝ վերնագրով «Старше Рима и дружелюбнее мегаполисов. Что притягивает туристов в Ереван и чем там заняться?»

Հոդվածը ոչ միայն զբոսաշրջային ուղեցույց է, այլև հուզական պատմություն երկրի մասին, որտեղ հնությունն ու ժամանակակից կյանքը համադրվում են նույն շնչով։

«Հայաստանը խորհրդային պատրիարխալին հակառակված ուժեղ կանանց, իրենց հանդիպած բոլորին ողջունող ուղեկցորդների և վարդագույն տուֆից կառուցված քաղաքների հայրենիքն է։», –
գրում է լրագրողը՝ ընդգծելով այն մարդկային և մշակութային ուժը, որը զգացվում է յուրաքանչյուր անկյունում։

Լրագրողի տողերում Հայաստանը ներկայանում է որպես երկիր, որտեղ ճանապարհը սկսվում է Զվարթնոց օդանավակայանում՝ առանց շտապելու, բայց արդեն՝ բարի ժպիտների ուղեկցությամբ։ Այստեղ, ինչպես նշում է նա, «հյուրին վերաբերվում են ոչ թե որպես օտարի, այլ որպես Աստծո ուղարկած մեկի»։

«Հայաստանը հին է Հռոմից, բայց ավելի ջերմ՝ քան շատ ժամանակակից մեգապոլիսներ», —
այսպես է նկարագրում լրագրողը մեր երկրի մթնոլորտը՝ համեմատելով հնագույն քաղաքակրթությունը և ժամանակակից կյանքի պարզությունը։ Նրա խոսքով՝ Երևանը քաղաք է, որտեղ պատմությունը շոշափելի է ամեն քայլափոխի․ հին Աբովյանի փողոցների տան պատերից մինչև Կասկադի աստիճաններով բացվող տեսարանները դեպի Արարատ։

«Երևանը, որին հաճախ անվանում են վարդագույն, արևի տակ դառնում է փիրուզագույն, բրոնզե ու ոսկեգույն։ Քաղաքը կարծես շնչում է լույսով», –
գրում է հեղինակը՝ նշելով նաև, որ քաղաքը զբաղեցնում է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների շարքում 15-րդ տեղը։ Լրագրողը պատմում է նաև այն մասին, թե ինչպես կարելի է մեկ օրում տեսնել ամեն ինչ՝ բարձրանալ Գառնիի հեթանոսական տաճար, այցելել Սևանի ափ, զգալ Էջմիածնի հոգևոր լռությունը և երեկոյան նստել Երևանի Սարյանի փողոցի գինու տանը՝ զրուցելով անծանոթների հետ, որոնք մեկ բաժակ գինու կողքին դառնում են ընկերներ։

«Հայաստանը այն վայրը չէ, որտեղ պարզապես հանգստանում են։ Այստեղ մարդիկ վերագտնում են իրենց, վերարժևորում կյանքը։»

Հոդվածում առանձնահատուկ տեղ է հատկացվել հայկական խոհանոցին․
հեղինակը նշում է, որ Երևանի բուրմունքը սկսվում է հացթուխի թոնիրից և ավարտվում գինու բաժակով՝ ասելով.

«Լավ է ծանրաբեռնել ստամոքսը, քան սիրտը» —
արտահայտություն, որը Հայաստանում հնչում է ոչ թե որպես հումոր, այլ որպես կյանքի փիլիսոփայություն։

Նա նաև պատմում է, թե ինչպես հայկական հյուրասիրությունը հաճախ անցնում է սահմաններից՝ մատուցողըբ կարող է բերել անակնկալ նվեր՝ պարզապես այն պատճառով, որ զբոսաշրջիկը ժպտացել է, իսկ ռեստորանի տերը՝ շնորհավորել ծննդյան օրն անծանոթ այցելուի։ Հոդվածում Հայաստանը ներկայացվում է որպես երկիր, որտեղ հին ավանդույթները ապրում են նոր ժամանակի մեջ, որտեղ հին քարերը պատմում են հազարամյակների պատմություն, իսկ երիտասարդ սերունդը տալիս է նոր շունչ՝ արվեստի, գինու և համերի միջոցով։

Այս անդրադարձը ևս մեկ վկայություն է, որ Հայաստանը միջազգային մամուլում այլևս չի դիտվում պարզապես որպես փոքր երկիր Կովկասում, այլ՝ որպես հյուրընկալության, մշակութային ինքնության և մարդկային ջերմության սիմվոլ։ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն շարունակելու է իր ճանաչողական այցերի ծրագիրը՝ հրավիրելով աշխարհի տարբեր երկրների լրագրողների ու բլոգերների բացահայտելու Հայաստանը իրենց աչքերով։ Յուրաքանչյուր նման հրապարակում դառնում է Հայաստանի վիզուալ և հուզական այցեքարտը՝ փոխանցելով մեր երկրի իրական պատմությունը՝ մարդկային ժպիտներով, լեռների շնչով ու լույսով լի քաղաքներով։

Comments are closed.