Հայաստանի գրեթե բոլոր մայրուղիներով երթևեկելիս տեսնում ենք նույն պատկերները՝ ճանապարհի եզրին վաճառվող կենդանի գառներ։ Նրանք կապված են շատ կարճ պարաններով՝ հազիվ կես մետր երկարությամբ, ինչի հետևանքով չեն կարողանում տեղաշարժվել և ամբողջ օրը մնում են նույն կետում՝ արևի տակ, փոշու, մեքենաների արտանետումների և աղմուկի պայմաններում։ Այս գառներն առավելապես վաճառվում են մատաղի նպատակներով։ Մատաղը մեր ժողովրդի կարևոր ավանդույթներից է՝ որպես շնորհակալություն Աստծուն և բարության խորհրդանիշ։ Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք մատաղի գաղափարի հետ համատեղելի է կենդանու հանդեպ նման վերաբերմունքը, երբ այն մինչև կյանքի վերջին պահը պահվում է անմարդկային պայմաններում՝ առանց ջրի, առանց սնունդի և առանց ստվերի։

Խնդիրն ունի երեք հիմնական հարթություն
1. Կենդանիների բարեկեցության և բարոյականության հարց Այս կենդանիները ողջ օրը մնում են անմիջական արևի տակ՝ առանց նվազագույն պայմանների։ Նրանք չունեն հարմարավետ տարածք, ստվեր, ջուր կամ սնունդ, ինչը ոչ միայն դաժանություն է կենդանու հանդեպ, այլև խախտում է կենդանիների պաշտպանությանը վերաբերող համաշխարհային և տեղական նորմերը։ Կենդանիների պաշտպանության կառույցներ – ինչու՞ չեն վերահսկվում կենդանիների պահման նվազագույն պայմանները, նույնիսկ եթե դրանք վաճառվում են որպես սննդամթերք։

2. Սննդի անվտանգության և հիգիենայի հարց Սա լրջագույն առողջապահական խնդիր է։ Կենդանին, որն այդպիսի պայմաններում է պահվում՝ փոշու, ածխաթթու գազի, մեքենաների ձայնային սթրեսի և կեղտի մեջ, չի կարող համարվել անվտանգ սննդամթերքի աղբյուր։ Սա հարված է նաև մեր երկրի սննդամթերքի անվտանգության և հիգիենիկ մշակույթի նկատմամբ վստահությանը։ Սննդի անվտանգության տեսչական մարմին – ինչպե՞ս է թույլատրվում վաճառել կենդանիներ, որոնք պահվում են սննդի համար անթույլատրելի և հակասանիտարական պայմաններում։

3. Տուրիզմի և երկրի իմիջի հարց Հայաստանը ներկայանում է որպես մշակույթով հարուստ և հյուրընկալ երկիր։ Սակայն մայրուղիների և քաղաքների մուտքերի վրա զբոսաշրջիկին դիմավորում են անմարդկային պայմաններում պահվող կենդանիների տեսարաններ, որոնք անմիջապես ստեղծում են երկրի մասին խիստ բացասական տպավորություն։ Սա տուրիզմի ոլորտում լուրջ հարված է մեր երկրի իմիջին և միջազգային ներկայացմանը։ Տուրիզմի կոմիտե – գիտակցո՞ւմ եք, որ զբոսաշրջիկների վրա այս տեսարանները թողնում են կործանարար տպավորություն։

Այս թեման ընդամենը կենդանու պաշտպանության մասին չէ։ Սա մեր հասարակության դեմքն է, մեր մշակույթի մակարդակը, մեր հանրային գիտակցության ցուցիչը։ Երբ մենք թույլ ենք տալիս, որ կենդանիները տանջվեն մայրուղիների եզրին՝ առանց ջրի, ստվերի ու նվազագույն խնամքի, մենք թույլ ենք տալիս, որ մեր մեջ հաղթի անտարբերությունը։ Երբ զբոսաշրջիկը տեսնում է այս տեսարանը՝ նա չի տեսնում հյուրընկալության, մշակույթի և սիրո երկիր։ Նա տեսնում է մի վայր, որտեղ կենդանիների, սննդի և սեփական պատվի նկատմամբ հարգանքը պարտադիր չէ։ Եվ սա հարված է ոչ միայն տուրիզմի ոլորտին, այլ մեր երկրի հեղինակությանը ամբողջ աշխարհում։ Այս խնդիրն ունի լուծում։ Այս խնդիրը պետք է լուծենք մենք բոլորս, քանի որ մեր երկիրը ձևավորվում է մեր ամենօրյա ընտրություններով և լռությամբ։
Չլռելն է առաջին քայլը։
Պահանջելն է երկրորդ քայլը։
Փոփոխությունը մեր պարտականությունն է՝ որպես քաղաքացի, որպես սպառող, որպես մարդ։ Մենք պարտավոր ենք ապահովել, որ մեր ճանապարհներին չլինեն դաժանության պատկերներ, և որ մեր սեղանին դրվող միսը չլինի տանջանքի արդյունք։ Սա ոչ միայն բարոյական, այլև մշակութային և պետական կարևորության խնդիր է։



Leave a Reply