New
Լուսինե Գևորգյան․ «Մենք չենք ուզում պարզապես 5 միլիոն զբոսաշրջիկ, ուզում ենք 3 միլիոն գիտակից ու վճարունակ այցելուներ»

Լուսինե Գևորգյան․ «Մենք չենք ուզում պարզապես 5 միլիոն զբոսաշրջիկ, ուզում ենք 3 միլիոն գիտակից ու վճարունակ այցելուներ»


Բամբասանքի խորոված փոդքասթի հերթական հաղորդման հյուրն էր Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, հաղորդումը վարում է ռեստորատոր Կարեն Մարգարյանը։ Զրույցը վերաբերեց Հայաստանի զբոսաշրջային բրենդին, նոր ռազմավարությանը և մեր երկրի՝ գիտակից զբոսաշրջիկի ուղղությամբ շարժմանը

Ինչու The Hidden Track և ինչով է այն բացատրվում, ինչքանով է այս կարգախոսը պատմում Հայաստանի մասին:

«Իր գաղափարախոսությունը Հայաստանը որպես թաքնված գանձ, նոր բացահայտումներ կրող երկիր ներկայացնելն է: Նաև պատկերված է ակտիվ քայլարշավորդ, զբոսաշրջությամբ զբաղվող մարդու կերպար, որը սարեր է բարձրանում, և այն ասոցացվում է Հայաստանի բացահայտման հետ:», — պատասխանել է Լուսինե Գևորգյանը

Այս կարգախոսը ընտրվել է նախքան ձեր պաշտոնավարումը։ Ինչ եք կարծում՝ պետք է փոխել կամ Հայաստանը այլ կերպ դիրքավորել, որպեսզի ոչ թե հյուրի համար Հայաստանը չբացահայտված լինի, այլ միգուցե այլ բան ներկայացնենք:

«Հիմա մեր նոր ռազմավարությունը՝ 2026–2030 թվականների, գտնվում է կառավարությունում, և մենք սպասում ենք Վարչապետի հաստատմանը, որպեսզի գնանք և ներկայացնենք մեր դիրքորոշումը», – նշեց Լուսինե Գևորգյանը։

Նրա խոսքով՝ նոր ռազմավարության երեք հիմնական ուղղությունները են․
 • պատմամշակութային զբոսաշրջություն,
 • գաստրո և էնո տուրիզմ,
 • արկածային զբոսաշրջություն։

Բացի այդ, արագ զարգացող ուղղություններ են համարվում բժշկական զբոսաշրջությունը և էկո կամ ագրո տուրիզմը։
«Ելնելով այս հիմնարար և նոր զարգացող ուղղություններից՝ միգուցե պետք է դիտարկենք, թե Հայաստանը ուր է գնում և արդյոք պետք է նոր բրենդինգ», – ընդգծեց նա։

«Չնայած այս տարի Բեռլինում Հայաստանը շահել է Լավագույն արկածային ուղղություն 2025 մրցանակը, մենք այժմ Հայաստանը դիտարկում ենք կայուն զբոսաշրջության և ավելի վճարունակ զբոսաշրջիկի տեսանկյունից», – ասաց Լուսինե Գևորգյանը։

Նա նշել է, որ նպատակն այլևս միայն թվային աճը չէ․

«Մենք չենք ուզում շատ արագ ընդունել 5 միլիոն զբոսաշրջիկ։ Ակնկալում ենք 3 միլիոն, որոնք ավելի վճարունակ են։ Շեշտը դնում ենք գիտակից տուրիստի վրա։ Մենք ունենք փոքր երկիր և փխրուն բնություն։ Չենք կարող պաշտպանել մեր արժեքները, եթե միլիոնավոր զբոսաշրջիկներ այցելեն այդ վայրերը։ Դրա համար կարծում եմ՝ այո, վերանայման կարիք կլինի»։

Այս խոսքերով Լուսինե Գևորգյանը փաստեց, որ Հայաստանի զբոսաշրջային ապագան կառուցվելու է որակի, ոչ թե քանակի սկզբունքով՝ հիմնված գիտակից, պատասխանատու և ավելի բարձրակարգ այցելուների վրա։

Comments are closed.