Նոյեմբերի 1-ին Գյումրիի Grand Hotel Apricot հյուրանոցում իր դռները բացեց Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան (Swiss-Armenian Academy of Hospitality – SAAH)՝ միջազգային մակարդակի կրթական նախաձեռնություն, որը գործարկվել է աշխարհահռչակ Լոզանի հյուրընկալության դպրոցի (École Hôtelière de Lausanne – EHL) լիցենզիայով։
Ակադեմիան հիմնված է շվեյցարական կրթական մոդելի վրա, որը համարվում է հյոուրընկալության ոլորտի լավագույն կրթական համակարգերից մեկը աշխարհում։ Այն ոչ միայն նոր մասնագիտական կրթական հարթակ է, այլև կարեւոր ներդրում Հայաստանի հյուրընկալության մշակույթի զարգացման գործում։ SAAH-ի բացումը Գյումրիում ունի նաև խորքային տարածաշրջանային նշանակություն․ այն նպաստում է քաղաքի կրթական և տնտեսական վերածնունդին՝ դարձնելով այն միջազգային կրթական կենտրոն։ Սա հնարավորություն է տալիս երիտասարդներին ստանալ բարձրակարգ կրթություն Հայաստանում՝ առանց արտագաղթի անհրաժեշտության։ Ակադեմիան առաջարկում է ուսուցում երեք հիմնական ուղղություններով՝

Խոհարարական արվեստ (Culinary Arts)
Ռեստորանային սպասարկում (Restaurant Service)
Հյուրանոցային ադմինիստրացիա (Hotel Administration)
Ծրագրերը համատեղում են տեսական և գործնական ուսուցում՝ շեշտը դնելով շվեյցարական որակի վրա։ Յուրաքանչյուր մակարդակ տևում է 6 ամիս՝ ներառելով 3 ամիս ուսում և 3 ամիս պրակտիկա գործընկեր կառույցներում։ SAAH-ը նաև հնարավորություն է տալիս ուսանել կրթաթոշակներով՝ նախատեսված
• 2025թ․ զորացրված երիտասարդների,
• Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։
Բացի այդ, գործում են նաև անվանական կրթաթոշակներ՝ սոցիալապես անապահով ուսանողների համար։

Ակադեմիայի առաքելությունն է զարգացնել հյուրընկալության ոլորտի նոր սերունդ՝ պատրաստված միջազգային չափանիշներով։ Սա ոչ միայն կրթական նախաձեռնություն է, այլև ստրատեգիական ներդրում Հայաստանի տնտեսության մեջ․ որակյալ կադրերը հիմք են ոլորտի մրցունակության, զբոսաշրջության զարգացման և երկրի միջազգային հեղինակության բարձրացման համար։ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան իր ձևաչափով դառնում է կամուրջ կրթության, բիզնեսի և մշակույթի միջև՝ բացելով նոր հնարավորություններ ինչպես ուսանողների, այնպես էլ ամբողջ ոլորտի համար։


