New
Բարսելոնայում կայացել է Համաշխարհային Գաստրոնոմիայի Գագաթնաժողովը

Բարսելոնայում կայացել է Համաշխարհային Գաստրոնոմիայի Գագաթնաժողովը

Սեպտեմբերի 27-ին Բարսելոնայի պատմական Պալաու Պեդրալբես դահլիճում մեկնարկեց Համաշխարհային Գաստրոնոմիայի Գագաթնաժողովը (World Gastronomy Summit 2025)։ Գագաթնաժողովը կազմակերպվել է IGCAT միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ և հյուրընկալվել է Կատալոնիայի Ինքնավար Կառավարության կողմից, որն այս տարի արժանացել է «Գաստրոնոմիայի Համաշխարհային Տարածաշրջան 2025» տիտղոսին։

Այս խոշոր միջոցառումը համախմբում է գաստրոնոմիայի, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչներին աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու սննդի դերը որպես մշակույթ, ինքնություն և համայնքների բարեկեցություն։

Բացման խոսքերից հետո մասնակիցները լսեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային փորձագետների ելույթները, որոնք շեշտեցին խոհարարական ավանդույթների՝ որպես կենդանի մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։ Գագաթնաժողովի պլենար նիստերում քննարկվեցին հետևյալ առանցքային հարցերը․

• Սնունդը որպես մշակույթի սիրտ և քաղաքականության նոր պարադիգմ

• Խոհարարական ժառանգության դերը ապագա քաղաքականությունների ձևավորման մեջ

• Սննդի մշակութային արժեքի ընդգծումը կրթության, զբոսաշրջության և առողջապահության ոլորտներում

Կեսօրից հետո մասնակիցները կներգրեվվեն World Café ձևաչափի ինտերակտիվ քննարկումներում, որտեղ աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետները սեղանի շուրջ կվերլուծեն ապագա զարգացումները՝ պատկերացնելով ինչպես դրական, այնպես էլ բացասական սցենարներ մինչև 2050 թվականը։ Օրվա կարևոր կետերից է նաև Food Film Menu 2025 մրցանակաբաշխությունը և հանդիսավոր Գալա ընթրիքը, որտեղ ընդգծվելու է սննդի և գինու մշակութային արժեքը։

Այս կարևոր միջոցառմանը մասնակցում է նաև Կատյա Բրեդիխինան – «Գրին Ռոք» հիմնադրամի տնօրեն, «Ապիցիուս Արմենիա» նախագծի ղեկավար։ Նրա մասնակցությունը ոչ միայն ընդգծում է Հայաստանի աճող դերը միջազգային գաստրոնոմիական համայնքում, այլև հնարավորություն է տալիս ներկայացնելու մեր երկրի խոհարարական ժառանգությունն ու մշակութային արժեքները համաշխարհային հարթակում։ Համաշխարհային Գաստրոնոմիայի Գագաթնաժողովը Բարսելոնայում ապացույց է, որ սնունդը պարզապես սնունդ չէ․ այն մշակույթ է, ինքնություն և համայնքի բարեկեցության հիմք։

Comments are closed.