Երևանի կենտրոնում, Սարյանի անվան փողոցից դեպի կոմպոզիտորների միություն տանող աստիճանները և հարակից տարածքը վերջապես ստացան նոր, բարեկարգված և վերափոխված տեսք։ Օրեր առաջ տեղի ունեցավ «Սարյանի աստիճաններ» նախագծի բացման հանդիսավոր արարողությունը, որը ոչ միայն փոփոխված միջավայրի ներկայացում էր, այլ նաև անմոռանալի մշակութային երեկո քաղաքի բնակիչների և հյուրերի համար։


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անակնկալ ելույթով ստեղծեց պահեր, որոնք բոլորին տպավորեցին։ Երաժշտությունը փոխկապակցվեց տարածքի գեղեցկության հետ, ստեղծելով հիացական ու տոնական մթնոլորտ, որտեղ արվեստը և քաղաքային միջավայրը միահյուսվեցին։

«Սարյանի աստիճաններ» նախագիծը մշակվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի, «Keron» զարգացման հիմնադրամի և «Մանե Թայլս» ընկերության համատեղ նախաձեռնությամբ։
Երեկոյի ընթացքում «Մանե Թայլս» թիմը հավաքեց հարյուր ձեռագործ կավե սալիկներից կազմված գեղեցիկ խճանկար՝ հատուկ նախագծված աստիճանների վրա։ Ստեղծագործությունը, որպես մշակութային հուշանվեր, նվիրաբերվեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին, ընդգծելով ոչ միայն հայ մեծագույն նկարիչների ժառանգությունը, այլ նաև համօրյա արվեստի կարևորությունը քաղաքային միջավայրում։

«Սարյանի աստիճաններ» նախագիծը դարձել է ոչ միայն ճեմուղի, այլև մշակութային միջավայր, որտեղ բնակիչներն ու հյուրերը կարող են զգալ արվեստի ներկայությունը առօրյայում։ Այս նախաձեռնությունը նաև կարևոր քայլ է Երևանում քաղաքի տարածքների վերակառուցման և բարեկարգման գործընթացում՝ միավորելով արվեստն, պատմությունը և համայնքային կյանքի ակտիվությունը։

