2025 թվականի հունիսի 15-ին՝ Խուստուփի խորհրդավոր լանջերին, Սյունյաց պատմական շնչով ու բնական գեղեցկությամբ պատված տարածքում, տեղի կունենա բացառիկ գաստրոնոմիական իրադարձություն՝ «Յոթ մելիքների ընթրիք»։ Սա հանդիսանալու է Gastrocamp Kapan 2025 նախագծի եզրափակիչ ակորդը, որը միավորում է բարձր խոհարարությունը, տեղական պատմությունը, ավանդույթներն ու ժամանակակից համային հետազոտությունները։
Երեք օր շարունակ բարձրակարգ շեֆ-խոհարարները շրջելու են Կապանի համայնքներով՝ ուսումնասիրելով Սյունիքի համային քարտեզը, տեղական բաղադրատոմսերը, ավանդական բաղադրիչներն ու պատմությունները։ Այդ հետազոտության արդյունքը կդառնա յուրահատուկ ընթրիք՝ կազմված յոթ ուտեստներից՝ խորհրդանշելով Սյունյաց յոթ մելիքներին ու յոթ բերդերը։
Շեֆ-խոհարարների աստղային կազմը
Ջորջիոս Պապազախարիս (Հունաստան)

Նորարարական Delta ռեստորանի գլխավոր շեֆը, որի խոհարարական ձեռագիրը ապահովել է ռեստորանին երեք Michelin աստղ, այդ թվում՝ կանաչ Michelin՝ կայունության համար։ Ռեստորանը գործում է առանց թափոնների սկզբունքով և հայտնի է իր աննախադեպ մոտեցումներով։ Կապանում նա կբացահայտի Սյունիքի խոհարարական կոդերը՝ ստեղծելով մեկ այլ համային պատմություն։
Արթուր Շահնազարյան (Հայաստան / Ռուսաստան)

Ժամանակակից հայկական խոհանոցի առաջատարներից մեկը։ «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող, Ռուսաստանում ճանաչված լավագույն շեֆ-խոհարարներից։ Նրա մասնակցությունն ընթրիքին խոստանում է խոհարարական ուժգին վերաիմաստավորում՝ հայկական ուտեստների նոր երանգավորմամբ։
Դմիտրիոս Մուդիոս (Թայլանդ / Հունաստան)

ōre ռեստորանի հիմնադիր շեֆը, որը 2024-ին ճանաչվել է Michelin տարվա հայտնություն։ Նրա խոհարարության հիմնասյուներն են կրակը և ջուրը, իսկ իր ռեստորանում սնունդը պատրաստվում է ջրվեժի ջրով և յուզու ծառի փայտածուխով։ Կապանում Դմիտրիոսը պատրաստվում է հետազոտել Սյունիքի համային խորքերը։
Մալիհե Հաբիբի (Իրան)

Միջազգային ճանաչում ունեցող ֆերմենտացիայի մասնագետ, համերի լաբորատոր մտածող։ Մալիհեն ստեղծել է ավելի քան 40 տեսակի պրոբիոտիկ ըմպելիք, 4 իմունային շոթ, բուսական պանիրներ և տասնյակ ֆերմենտացված բաղադրիչներ։ Կապանում նա կցուցադրի համերի ստեղծման իր մոտեցումը՝ տեղական բաղադրիչների հիմքով։
«Յոթ մելիքների ընթրիքը». վերակենդանացնելու է Սյունիքի՝ երբեմնի ռազմաքաղաքական ուժ ունեցող մելիքների հիշողությունը։ Ամեն մի ուտեստ խորհրդանշելու է մեկ մելիք ու մեկ բերդ, ձևավորելով համային մանիֆեստ, որտեղ համը կդառնա պատմության շարադրանք։
Վայրը՝ «Անտառի» ռեստորան, Վերին Վաչագան
Ժամը՝ 18:30, հունիսի 15
Տոմսերի ամրագրման համար՝ +374 77 927560 | +374 93 440916
Leave a Reply