Հայաստանը խաղողի ու գինու հինավուրց հայրենիք է․ Արենի-1-ի գտածոները, որոնք թվագրվում են մ.թ.ա. մոտ 4100–4000 թվականներին, վկայում են, որ հայերը աշխարհի առաջին գինեգործներն են եղել։ Խաղողը մեր հողի բնական պարգևն է, որը հազարամյակների ընթացքում դարձել է մեր մշակույթի, հավատալիքների և խոհանոցի անբաժանելի մասը։
Այս օրերին բարձրադիր այգիներում սկսված բերքահավաքը իրենից ներկայացնում է ոչ միայն տնտեսապես կարևոր փուլ, այլև մշակութային արարողություն, որտեղ յուրաքանչյուր ողկույզ՝ ձեռքով հավաքված, խորհրդանշում է աշխատասիրության, համբերատարության ու բնության նկատմամբ հարգանքի պատմություն։ Այգիներում աշխատող մարդիկ շարունակում են այն ավանդույթը, որը փոխանցվել է սերնդեսերունդ՝ հողին ու խաղողին տրվող ջերմությամբ ու հոգատարությամբ։

Խաղողի դերը մեր մշակույթում շատ ավելի խորն է, քան պարզապես գյուղատնտեսական նշանակությունը։ Խաչքարերի և եկեղեցական քանդակների վրա փորագրված խաղողի ողկույզները խորհրդանշում են կյանքի շարունակությունը, հարությունը և հոգիների միավորումը։ Իսկ հայկական բակերում բարձրացող խաղողի վազերը դարձել են ընտանեկան միասնության ու հյուրընկալության խորհրդանիշ։ Հայերն հավատում էին, որ առատ բերքատու խաղողը բերում է բարօրություն, իսկ առաջին ողկույզը պահվում էր որպես օրհնություն ու առողջության նշան։ Ըստ ավանդության՝ հենց Նոյն է Արարատյան դաշտում տնկել առաջին խաղողի այգին՝ Արարատ լեռան գագաթից իջնելուց հետո։ Այդ առասպելը դարձավ մեր ինքնության մասնիկը և ընդգծեց հայի ու խաղողի դարավոր կապը։

Հայաստանի լեռնային կլիման և հողի առանձնահատկությունները ստեղծում են խաղողի յուրահատուկ տեսականի։ Բարձրադիր այգիներում աճեցվող խաղողը ապահովում է գինիների բարդ և հավասարակշռված համը, որը հնարավոր է դառնում միայն ձեռքի աշխատանքով և ճիշտ պահված ավանդույթներով։ Խաղողագործությունը այստեղ չի սահմանափակվում տեխնոլոգիայով․ այն նաև մշակութային նրբագեղություն է, որտեղ հոգին, գիտելիքն ու բնությունը հանդիպում են։
Գինին հայերի համար միշտ եղել է ոչ միայն խմիչք, այլև խորհրդանշական հարստություն, ներկայանալով տոնախմբությունների, ծեսերի ու կենցաղի կարևոր մասերում։ Այժմ այն նաև Հայաստանի միջազգային գաստրոնոմիկ դեմքն է․


Այս տարվա բերքահավաքը խոստանում է նոր պտուղներ՝ աճեցված բացառիկ ջերմությամբ ու փորձով, որոնք շուտով կդառնան գինիներ, որոնք կպատմեն հողի, արևի ու մարդու սերտ կապի մասին։ Ներկայիս գինեգործները շարունակելու են ամրապնդել այն ավանդույթը, որը մեզ կապում է մեր նախնիների հետ՝ յուրաքանչյուր բաժակ գինու մեջ ներդնելով ոչ միայն հույզ, այլև պատմություն և ինքնություն։
Բերքահավաքը շարունակվում է, և յուրաքանչուր այգի մեզ հիշեցնում է, որ հայի ու խաղողի կապը հավերժ է՝ նաև մեր սերնդի համար, և այդ կապը է՛լ ավելի համեղ ու հարուստ է դարձնում հայկական գինիներ։

