Հայաստանը գինու աշխարհում ներկայացվում է մի յուրօրինակ արտահայտությամբ՝ «ամենաերիտասարդ հնագույն գինեգործական երկիր»։ Այս բնորոշումը պատահական չէ․ այն միաժամանակ ընդգծում է հազարամյակների պատմական ժառանգությունը և ժամանակակից վերածննդի ոգին, որը մենք այսօր տեսնում ենք հայկական գինեգործության մեջ։
Վերջերս լեհական Ferment Naturalny ամսագրում լույս է տեսել լրագրող և գլխավոր խմբագիր Տոմաշ Պրանգ-Բարչինսկու հոդվածը, որը պատմում է հայկական գինեգործության ճանապարհի մասին՝ հնագույն անցյալից մինչև ներկայիս նորարարական գինեգործարաններ։

Արենի-1․ աշխարհի ամենահին գինեգործարանը
Հոդվածում նշվում է Հայաստանի ամենամեծ հպարտություններից մեկը՝ Վայոց Ձորում գտնվող Արենի-1 քարանձավի բացահայտումը։ Այստեղ, շուրջ 6100 տարի առաջ, մարդիկ արտադրել են գինի․ սա աշխարհում հայտնաբերված ամենահին հայտնի գինեգործարանն է։ Այս գտածոն ապացուցեց, որ գինեգործության պատմությունը Հայաստանում ոչ միայն ավանդական մշակույթի մաս է, այլև մարդկության ընդհանուր ժառանգության կարևոր էջ։ Սակայն հայկական գինու պատմությունը չի սահմանափակվում միայն անցյալով։ Տոմաշ Պրանգ-Բարչինսկին իր հոդվածում գրում է, որ այսօր հայկական գինեգործությունը ապրում է իսկական վերածնունդ։ Նա ընդգծում է երեք առանցքային տարր․

• Եզակի տերուարներ՝ բարձրադիր լեռներ, հրաբխային հողեր և մաքուր միկրոկլիմա, որոնք գինուն տալիս են անփոխարինելի բնույթ։
• Դիմացկուն էնդեմիկ սորտեր՝ Արենի, Ոսկեհատ, Սիրենի և տասնյակ այլ խաղողներ, որոնք գոյատևել են հազարամյակներ և այսօր կրկին վերագտնում են իրենց միջազգային հնչեղությունը։
• Տեսլականով գինեգործներ՝ մարդիկ, ովքեր միաժամանակ պահպանում են ավանդույթները և ստեղծում նորարարական գինիներ՝ ապագայի համար։ «Հայ գինեգործները պահպանում, շշալցնում և ապագա են տանում հազարամյակների գինու ժառանգությունը», – գրում է Պրանգ-Բարչինսկին։
Հոդվածում առանձնացվում են մի շարք գինեգործարաններ, որոնք մեծ դեր ունեն հայկական գինեգործության նոր պատմության ձևավորման մեջ․
• Zorah Winery՝ Զորիկ Ղարիբյանի նախագծած բրենդը, որը համաշխարհային գինու քարտեզի վրա ամուր տեղ է զբաղեցնում։ Այստեղ ավանդական կարասների օգտագործումը համադրվում է ժամանակակից մեթոդների հետ։
• Trinity Canyon Vineyards՝ ընկերների ստեղծած համարձակ և տարբերվող գինեգործարան, որն իր փիլիսոփայությամբ հաճախ «հակահոսանքային» է։ Նրանք վստահ են, որ գինու 80%-ը գալիս է հենց խաղողից։
• Noa Winery՝ Ռինդ գյուղում գտնվող նախաձեռնությունը, որը շեշտում է օրգանական խաղողագործությունը և պատրաստվում է ստանալ միջազգային սերտիֆիկատներ։
• Armenia Wine՝ խոշոր և դինամիկ զարգացող ընկերություն, որն իր մաշտաբով և միջազգային փորձագետների ներգրավմամբ ապացուցում է, որ հայկական գինին կարող է մրցել աշխարհի ցանկացած շուկայում։

Այս բոլոր նախաձեռնությունները մեկ ընդհանուր նպատակ ունեն՝ վերադարձնել հայկական գինուն իր արժանի տեղը համաշխարհային բեմում։
Ferment Naturalny-ում հրապարակված այս հոդվածը ոչ միայն պատմում է հայկական գինու անցյալն ու ներկան, այլև ամրապնդում է այն գաղափարը, որ Հայաստանը շարունակում է իր տեղը գրավել համաշխարհային գինեգործական քարտեզում։ «Հայաստանը՝ ամենաերիտասարդ հնագույն գինեգործական երկիրը» արտահայտությունը դառնում է խորհրդանշական բանալի, որը բացում է նոր հնարավորություններ մեր գինու համար։ Շնորհակալություն Տոմաշ Պրանգ-Բարչինսկուն՝ հայկական գինու պատմությունը աշխարհին ներկայացնելու համար
Հոդվածի ամբողջական տարբերակը հասանելի է Ferment Naturalny ամսագրում։


