Երբ Հայաստանը հայտնվում է միջազգային զբոսաշրջային քարտեզի վրա՝ որպես արշավների և բնության սիրահարների համար իսկական գանձարան, դա նշան է, որ աշխարհը սկսում է վերագտնել մեր երկրի իրական արժեքները։

Blazing a trail in Armenia — այս խորագրով Eurowings ավիաընկերության ապրիլյան ճանապարհորդական ամսագիրը հրապարակել է բացառիկ հոդված Հայաստանի մասին՝ ներկայացնելով 1000 կմ երկարությամբ նոր արշավային ուղին, որը անցնում է 108 հայկական գյուղերի միջով։ Նախագիծն իրականացնում է HIKE Armenia կազմակերպությունը՝ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

Այս ուղին իր տեսակի մեջ եզակի է։ Այն ոչ միայն ֆիզիկական ճանապարհ է, այլ մի ամբողջական փորձառություն՝ անցում գյուղից գյուղ, բնությունից մշակույթ, մարդկանցից՝ ավանդույթների ու համերի։ Հոդվածի հեղինակը՝ բրիտանացի լրագրող Illy Borden-ը, ուղեկցվելով լեռնագնաց Շուշան Ռուբենյանի կողմից, անցել է այս ուղիներից մեկը։ Նա իր հոդվածում մեծ սիրով է պատմում Հայաստանի լեռների, ճանապարհների, մոռացված գյուղերի ու հյուրընկալ մարդկանց մասին՝ ստեղծելով մի նոր, արդի ու անկեղծ տեսանկյուն Հայաստանի վերաբերյալ։
«Հայաստանի արահետները, որտեղ հանդիպում են քաղցր արևով այրված դաշտեր, քամու ձևավորած ժայռեր ու խորը կիրճեր, գունազարդված են հին լեգենդներով ու ժամանակի հիշողություններով»։


Այս ուղին զբոսաշրջիկին տալիս է հնարավորություն՝ բառացիորեն ոտքով բացահայտելու Հայաստանը՝ իր ամբողջ բազմաշերտությամբ։ Մայրուղիներից հեռու գտնվող այս գյուղերում կարելի է ոչ միայն վայելել լեռների հանգստությունն ու բնության շունչը, այլ նաև բացահայտել հայկական խոհանոցի տեղական տարբերակները, գաթա թխող տատիկների ժպիտները կամ օրիգինալ մրգային օղին հյուրասիրող տանտերերի հպարտությունը։
Հայաստանը դառնում է հասանելի և հետաքրքիր նրանց համար, ովքեր փնտրում են իսկական փորձառություններ՝ մարդիկ, համեր, բնություն ու պատմություն։ Այս նախաձեռնությունը կարող է խթանել գյուղական տուրիզմը, վերակենդանացնել մոռացված տարածքներ և նոր շունչ հաղորդել մեր երկրի զարգացմանը։ Eurowings ամսագիրը, որը հասանելի է ավիաընկերության բոլոր թռիչքների ժամանակ մինչև ապրիլ ամսվա ավարտ, նոր պատուհան է բացում դեպի Հայաստանը՝ հասցնելով մեր պատմությունն ու բնությունը միջազգային լսարանին։ Եկեք մենք էլ քայլենք այս ուղիներով, նորովի բացահայտենք մեր երկիրը և պատմենք դրա մասին աշխարհին։
Leave a Reply