New
Հայաստանը խորացնում է զբոսաշրջային համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ

Հայաստանը խորացնում է զբոսաշրջային համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ

Նոյեմբերի 7–12-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը կմասնակցեն Սաուդյան Արաբիայի Ռիյադ քաղաքում կայանալիք ՄԱԿ Զբոսաշրջության Գլխավոր ասամբլեայի 26-րդ նստաշրջանին։

Պաշտոնական այցին ընդառաջ՝ Սաուդյան Արաբիայի առաջատար լրատվամիջոց Sabq-ը հրապարակել է Լուսինե Գևորգյանի բացառիկ հարցազրույցը, որտեղ ներկայացված են Հայաստանի զբոսաշրջային ռազմավարական ուղղությունները և համագործակցության հնարավորությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ։

«Սաուդցի զբոսաշրջիկները մեր ամենահարգարժան և ճանաչված հյուրերից են, և մենք ողջունում ենք համագործակցության առավել լայն հնարավորությունները»,– նշել է տիկին Գևորգյանը։

Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան դիտվում է որպես «Հայաստանի ամենահեռանկարային և ռազմավարական շուկաներից մեկը», իսկ երկիր այցելող սաուդցիների թիվը տարեցտարի աճում է՝ պայմանավորված նրանց հետաքրքրությամբ Հայաստանի մշակութային, բնության և առողջարար փորձառությունների նկատմամբ։

Տիկին Գևորգյանը հավելել է, որ սաուդցի այցելուներին գրավում է Հայաստանի բազմազան բնությունն ու հանգստի ուղղությունները․

«Սևանը, Դիլիջանի անտառները, Տաթևի լեռնային տեսարանները և Ջերմուկի առողջարանները սաուդցի զբոսաշրջիկների ամենասիրված վայրերից են, իսկ մայրաքաղաք Երևանը գրավում է իր սրճարաններով, փառատոններով և արհեստագործական շուկաներով»։

Խոսելով Հայաստանի մասնակցության մասին միջազգային զբոսաշրջային միջոցառումներին՝ նա նշել է․

«Մենք մասնակցում ենք Arabian Travel Market-ի նման կարևոր հարթակների, ինչպես նաև հրավիրում ենք ինֆլուենսերների և լրագրողների՝ ծանոթանալու Հայաստանի զբոսաշրջային առավելություններին։ Առանց վիզայի մուտքը, ուղիղ չվերթները և ընտանեկան միջավայրը մեզ տալիս են ուժեղ մրցակցային առավելություն»։

Տիկին Գևորգյանը նաև ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի երկրների հետ ստրատեգիական գործընկերությունների ձևավորման հարցում․

Հարցազրույցի ավարտին նա հանդես է եկել անմիջական հրավերով՝ ուղղված սաուդցի զբոսաշրջիկներին․

«Մենք հրավիրում ենք ձեզ Հայաստան՝ բացահայտելու հնագույն պատմություն, հիասքանչ բնություն և իսկական հայկական հյուրընկալություն։ Խոստանում ենք՝ ձեր ճանապարհորդությունը կդառնա անմոռանալի»։

Comments are closed.